Գիշերը վնասել են բանան ներկրող գործարարին պատկանող սառնարանները
Իրավունք
13:32 10/08/2017
Հայաստան

Գիշերը վնասել են բանան ներկրող գործարարին պատկանող սառնարանները

Անցած գիշեր անհայտ անձինք ծծմբաթթու են  լցրել բանան ներկրող ընկերություններից մեկի՝ «Տրոպիկա»-ին (նախկինում՝ «Արթինինվեստ») պատկանող սառնարանների ճնշակների (կոմպրեսորների) վրա:

Panorama.am-ի  հետ զրույցում ընկերության սեփականատեր Վահրամ Միրաքյանն ասաց, որ  տեխնիկան եղել է ճաղավանդակում, «կոտրել են կողպեքն ու արել իրենց սև գործը»: Տեղի ունեցածի մասին իմացել են առավոտյան:

«Այս պահին սառնարանների մի մասն անջատած է, մի մասն աշխատում է, քանի որ պահեստում ապրանք կա: Եթե գիշերը սառնարաններն անջատվեին,  ապա 20-30 տոննա ապրանքը կփչանար: Բացի այդ, սառանարանները ևս շատ թանկ արժեն»,-նշեց նա:

Վ. Միրաքյանի խոսքով, մինչ այս որևէ մեկից զգուշացում, սպառնալիք չի եղել բանան ներկրելը դադարեցնելու կամ սահմանփակելու վերաբերյալ: Որևէ մեկին կատարվածի մեջ չի կասկածում: Տարածքում ընկերությունը տեսախցիկներ չի տեղադրել:

«Չգիտեմ ով է արել, բայց իրենց հաստատ դուր չի գալիս, որ մենք բանան ենք ներկրում։ Մի բան հստակ գիտեմ, ով արել է, ցանկացել է վատություն անի, մեր գործունեությանը վնասի: Լավ իմացել են՝  ինչ են անում, ամենակարևոր տեղերում են լցրել կիսլոտան»,-ասաց գործարարը:

Տեղի ունեցածի մասին գործարարը տեղյակ է պահել ոստիկանությանը: 

«Էս պահին կիսլոտան շարունակում է քայքայել սառնարանը, դեռ չենք մաքրում, որ հետաքննիչները գան, մատնահետքեր վերցնեն»,-ասաց նա:









Լուսանկարները՝ Վահրամ Միրաքյանի ֆեյսբուքյան էջից։

Placeholder
Գիշերը վնասել են բանան ներկրող գործարարին պատկանող սառնարանները