Պրոթեզավորման կենտրոնի փակման հետքերով. Գինոսյանը մտահոգ է  զինհաշմանդամների ապագայով
Հասարակություն
17:44 31/01/2018
Հայաստան

Պրոթեզավորման կենտրոնի փակման հետքերով. Գինոսյանը մտահոգ է զինհաշմանդամների ապագայով

Երևանի  «Ինտերօրթո» պրոթեզավորման գերմանական կենտրոնը հունվարից  չի գործում: Պատճառը՝ կենտրոնը  2018 թվականին  պրոթեզավորման հետ կապված ծառայությունների մատուցման մրցույթում  չի հաղթել:

Կենտրոնի  օրթոպեդ-ինժեներ Մկրտիչ Գինոսյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում  նշեց, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հայտարարած մրցույթը շահել է ավելի ցածր գին առաջարկած կազմակերպությունը՝ «Պրոթեզոօրթոպեդիկ» ՓԲԸ-ն:

«Մենք մասնակցել ենք այդ տենդերին, բայց մրցույթում դրված է անհեթեթ մի սկզբունք՝  ով էժան առաջարկի, նա էլ կհաղթի: Ոչ մեկ չի նայում կենտրոնի մատուցած ծառայություններին, որակին, մասնագետներին:  Հիմա օրենքով նրանք  են հաղթող  ճանաչվել: Այդտեղ պետք է իրականացվի  ազդրի պրոթեզավորումը, պրոթեզների վերանորոգումը: Մեզ թույլատրել են անել միայն սրունքային պրոթեզներ, բայց դրանց պահանջարկը քիչ է, և կենտրոնը  չի կարող այդ գումարներով  գոյատևել: Անհնար է նման ձեռնարկությունն այդ չնչին գումարներով պահել»,- ասաց Մկրտիչ Գինոսյանը:

Մասնագետը նշեց, որ  «Ինտերօրթո»-ն միայն պետպատվերով է աշխատում, վճարովի ծառայություններ չունի, դրա համար էլ ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել. «Արդյունքում, ղեկավարությունը  որոշում կայացրեց  կենտրոնը փակել, արդեն երկու շաբաթ է առանց աշխատանքի  տանը նստած ենք: Ընդհանուր առմամբ կենտրոնում աշխատում է 28 մարդ, որից 10-ը՝ միջազգային մակարդակի մասնագետ»:

Մկրտիչ Գինոսյանն անհեթեթ է համարում նաև այն, որ պրոթեզների վերանորոգումը պետք է կատարվի այլ ընկերությունում. «Աբսուրդ է,  իմ պատրաստած պրոթեզը ինչպես պետք է իրենք վերանորոգեն, ինչ նյութերով, կարո՞ղ են արդյոք, թե ոչ: Սրանք հարցեր են, որոնք պատասխանների կարիք ունեն: Սա խելքին մոտիկ չէ, նման քայլ անելուց առաջ պետք էր լսել հաշմանդամների կարծիքները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մի անգամ ինձ կամ մյուս մասնագետներին չհարցրեցին՝ ճիշտ է դա, թե ոչ»:

Մկրտիչ Գինոսյանն իր գործունեությունը սկսել է դեռ 1991 թվականից՝ արցախյան շարժումից սկսած: Պրոթեզավորման խնդիր ունեցող առաջին վիրավորները 1992 թվականին են եղել: Օրթոպեդը շատերին է ոտքի կանգնեցրել, նրա օգնությամբ ապրիլյան պատերազմի ժամանակ վերջույթները կորցրած  20 տարեկան զինվորներն այսօր ոչ միայն քայլում են, այլև լիարժեք կյանքի են վերադարձել:

«Թե արցախյան պատերազմի ժամանակ, թե ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված տղաներին, որոնք մեզ մոտ էին պրոթեզավորվել, այլևս մենք չենք կարող սպասարկել:  Հիմա ես մտահոգ եմ  թե այդ տղաների,  թե մեր մասնագետների համար»:

Նրա խոսքերով՝ տղաներից շատերի պրոթեզներն արդեն պետք է փոխվեն, բայց նրանք անհանգստացել են, երբ իմացել են, որ կենտրոնը փակ է և պրոթեզները պետք է այլ կենտրոնում փոխեն: 

Մկրտիչ Գինոսյանը նշեց, որ կենտրոնի հիվանդները, այդ թվում՝ զինհաշմանդները, նամակով դիմել են ՀՀ վարչապետին և Պաշտպանության նախարարին: Փետրվարի 1-ին էլ նրանք պատրաստվում են հավաքվել կառավարության շենքի մոտ, որպեսզի  ստանան իրենց նամակի պատասխանը:

Placeholder
Պրոթեզավորման կենտրոնի փակման հետքերով. Գինոսյանը մտահոգ է զինհաշմանդամների ապագայով