«Սպիտակ գիշերներ» Երևանում կամ ինչպես է ընկերությունը խաթարում բնակիչների քունը
Հասարակություն
12:50 07/08/2018
Հայաստան

«Սպիտակ գիշերներ» Երևանում կամ ինչպես է ընկերությունը խաթարում բնակիչների քունը

Արաբկիր համայնքի մի շարք բնակիչներ դիմել են Panorama.am-ին՝ խնդրանքով բարձրացնել իրենց բողոքը։ Բանն այն է, որ Հակոբ Հակոբյան 1 փողոցի բնակելի շենքի անմիջապես դիմաց գործում է ընկերություն։

Բնակիչները բողոքում են, որ աշխատանքային ժամի ավարտից հետո ընկերության տարածքն առավել հզոր լուսավորությամբ է պահպանվում։ Ողջ գիշեր դեպի ննջարաններ ընկնող լույսն արդեն բավականին ժամանակ է խնդիր է դարձել բնակիչների համար։ 

«Սպիտակ գիշերներ Երևանում»,-վրդովված պատմում է բնակիչներից մեկն ու ավելացնում, որ պարզապես հնարավոր չէ այդ լույսերի տակ քնել։ 

«Եվ սա էլ դեռ բավական չէ, ընկերությունում հոսանքազրկման դեպքում ավտոմատ միանում է գեներատորը։ Դուք պարզապես պատկերացրեք գիշերը, ամառվա շոգին, բաց պատուհաններ, քնած երեխաներ, տարեցներ և այդ գեներատորի աշխատանքը։ Աղմուկն իր հերթին, այրված վառելիքի հոտը մյուս կողմից լցվում են բնակարաններ»,-ասում է շենքի բնակչուհին։

«Իսկ վերջերս հոսանքազրկումները, ինչպես արդեն բոլորը գիտեն, հաճախակիացել են»,-հավելում են բնակիչները։

Ի դեպ, նրանք մի քանի անգամ դիմել են ընկերության ներկայացուցիչներին և՛ լուսավորության պահով և՛ գեներատորի աղմուկի։ Աշխատակիցն ասել է, որ դա իրենց ընկերության անվտանգության հարցն է և ոչինչով չեն կարող օգտակար լինել։

Panorama.am-ը խնդրի մասին տեղյակ պահեց Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմին, որտեղից խոստացան ուսումնասիրել և վաղը օրվա ընթացքում որոշակի պատասխան ներկայացնել։

Placeholder