Գեորգի Ավետիսյան. Այս պահին կարող եմ պնդել, որ կոռուպցիան վերացել է
Հասարակություն
12:35 07/08/2018
Հայաստան

Գեորգի Ավետիսյան. Այս պահին կարող եմ պնդել, որ կոռուպցիան վերացել է

Ավելի քան երկու տարի առաջ ՍԱՊԾ-ն «փլուզված կառույց» որակած Գեորգի Ավետիսյանն այժմ ղեկավարում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

«Տարիներ շարունակ ծառայությունը կառավարել են մարդիկ, որոնք ոլորտի հետ որևէ աղերս չունեն»,-հայտարարել էր ծառայությունից հեռացած մասնագետը:

Ստացած ժառանգության, առաջիկա անելիքների, մտահոգությունների մասին  Panorama.am-ը զրուցել է Գեորգի Ավետիսյանի հետ:

Հարց-Պարոն Ավետիսյան, ի՞նչ ժառանգություն եք ստացել: Ի՞նչ քայլեր են արվելու ոլորտը բարեփոխելու համար:
Պատասխան-Սա այն ոլորտն է, որտեղ հնարավոր չէ՝ պրոբլեմներ չլինեն: Զարգացած երկրներում էլ միշտ լինում են խնդիրներ, որովհետև գործ ունենք սնունդի, մարդկային գործոնի հետ: Քանի դեռ մեր իրականության մեջ «տնական» գաղափարը կա ու գերակշռող է, որակի ցուցանիշ է, մենք միշտ խնդիրներ կունենանք: Ժառանգության մասին չեմ ուզում ամպագոռգոռ բաներ ասել, բայց գիտեմ, որ շատ լուրջ խնդիրներ կան, պետք է փորձենք զանգվածային լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների հետ միասին առաջնահերթություններ սահմանել ու  գնալ դրանց լուծմանը:

Հարց-Որո՞նք են լինելու Ձեր առաջին հինգ քայլերը:
Պատասխան- Կառույցի վարկանիշը բարձրացնելը, կոռուպցիայի դեմ պայքարը: Այս պահի դրությամբ կարող եմ պնդել, որ կոռուպցիան վերացել է: Երրորդ քայլը լինելու է մանկական սրճարաններում, դպրոցներում, մանկապարտեզներում սննդի հետ կապված խնդիրների գույքագրումը, ապա նաև դրանց լուծում տալը: Հաջորդ քայլը՝ արտահանման  հետ կապված խոչընդոտների վերացումն է՝ սկսած սահմանային վերահսկողության թերացումներից վերջացրած ինչ-ինչ գործոններով: Կարծում եմ, այդտեղ առկա խնդիրներն էլ լուծում կստանան,  շուտով կծանոթանամ Ռուսաստանի, Վրաստանի կոլեգաների հետ, փորձենք մշակել սահմանային վերահսկողության մեխանիզմները: Մյուս քայլը լինելու է ներկրման հետ կապված խնդիրների կարգավորումը, այս պարագայում առաջնորդվելու ենք ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով, տեղական օրենսդրությամբ: Օրենսդրական դաշտում խնդիրներ կան, շատ դեպքերում կանոնակարգերը հակասում են հայաստանյան օրենսդրությանը, դրանք պետք է համապատասխանեցվեն:

Հարց-Պարոն Ավետիսյան, Դուք ասացիք՝ այս պահին կոռուպցիա չկա ոլորտում: Կոռուպցիոն ի՞նչ  երևույթների մասին է խոսքը, ես ենթադրում եմ արտադրողների հետ ինչ-որ պայմանավորվածություններ են եղել:
Պատասխան-Հիմնական խնդիրն այն էր, որ արտահանողները տալիս էին ինչ-որ գումար՝ թեյավճար էր կոչվում, կամ շնորհակալություն ֆիտոսանիտարական սերտիֆիկատ գրելու ժամանակ: Դրանք գնացել է աշխատակիցների գրպանը: Եղել է 1000 մինչև 10 հազար դրամի սահմաններում՝ «ինչ կտաս-կտաս սկզբունքով»: Եղել են նաև բրոքերներ, որոնք ծառայությունների փաթեթ են առաջարկել, ներառված է եղել նաև ֆիտոսանիտարական սերիֆիկատը, ներկրողից կամ արտահանողից վերցրել են գումարը, փոխանցել են տեսուչին կամ էլ չեն փոխանցել:  Այն 10-15 հազար դրամ է արժեցել:  Հիմա նման բան չկա, ես մեկ անգամ էլ կոչ եմ անում բրոքերներին չգնալ այդ քայլին, հակառակ դեպքում պատասխանատվության են ենթարկվելու:

Հարց-Արտահանման հետ կապված. ռուսական կողմը հաճախ մտահոգություն է հայտնում Հայաստանից ՌԴ արտահանած լոլիկի ծավալների վերաբերյալ: Կա՞ն նոր մտահոգություններ:
Պատասխան-Չկան: Ռուսական կողմը եկավ, ստուգեց, տեսավ, որ հայկական շուկայում կա նման քանակ, համապատասխանում է արտահանման թվերին: Այս տարվա ընթացքում, Թուրքիայից լոլիկ չի ներկրվել:

Հարց-Ինչպե՞ս եք գնահատում սպառողների իրազեկվածությունը, պահանջատե՞ր են:
Պատասխան-Մարդիկ չեն կարդում, մեզ մոտ մոտեցում կա, որ ամոթ է մի քիչ երկար կանգնել տաղավարի կամ սառնարանի մոտ ու կարդալ, թե ինչ է գրված փաթեթավորման վրա: Կրկնեմ, քանի տնական պայմաններում պատրաստած պահածոն կամ կաթնամթերքը որակի չափանիշ են, անելիքները շատ են: Պետք է հասկանալ, տնականը չի նշանակում անվտանգ ու որակյալ:
Օրինակ, մեր գյուղացիները չգիտեն, թե ինչպես պետք է օգտագործել այս կամ այն թույնը: Խանութում վաճառողն էլ չգիտի: Հիմա խնդիրների գույքագրման փուլում ենք, պետք է հասնել այն բանին, որ ես գնամ վնասատուի ոչնչացման համար թույն գնելու, վաճառողը կարողա ինձ ճիշտ ուղու վրա դնել, բացատրել, թե տվյալ թույնը ինչքան ջրով է պետք բացել, ինչպես օգտագործել:

Հարցազրույցն անցկացվել է օգոստոսի 4-5-ը Ծաղկաձորում անցկացված  «Սննդամթերքի անվտանգության ոլորտի հիմնախնդիրները» թեմայոց սեմիների շրջանակում: Միջոցառումն իրականացվել է  «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում»  ծրագրի աջակցությամբ:

Placeholder