99 երթուղայինի վթարի հարցը քաղաքապետարանն իր պատասխանատվության տիրույթից դուրս հանեց
Թիվ 99 երթուղին սպասարկող «Գազել»-ի՝ երկու օր առաջ տեղի ունեցած վթարի ու տուժածների մասին գրեթե բոլորը մոռացան։ Պետական մարմինըմեղքը բարդեց վարորդի՝ հարբած լինելու վրա։ Պարզվեց՝ վարորդը հարբած չի եղել։
Հետո՞։ Հետո ոչ քաղաքապետարանը, ոչ էլ ճանապարհային ոստիկանությունը մի բառ չասացին՝ թե ինչ քայլեր են իրականացնելու հետագայում նման դեպքերը կանխելու համար։
Հասարակական տրանսպորտից օգտվող քաղաքացին այսօր էլ վախով կնստի երթուղային՝ հստակ չիմանալով, այս մի վարորդը հարբա՞ծ է, ուռա՞ծ, թե՞ վարորդական վկայական չունի՞, առավոտյան զննության ենթարկվե՞լ է... ու մտքում կաղոթի անվտանգ տուն հասնելու համար։ Հայաստանի հպարտ քաղաքացին կվախենա իր մտահոգության մասին ակնարկել անգամ, դեպքեր են եղել, որ անհավասարակշիռ, նյարդային վարորդները կանգնեցրել են մեքենան ու ստիպել, որ բողոքող ուղևորն իջնի ու այլևս չնստի «իր ավտոն»։
Երևանում հասարակական տրանսպորտի ուղևորների՝ որպես սպառողների իրավունքները խախտվում են ամեն պահ, մեծ մասամբ քաղաքային իշխանությունների անգործության, անհետևողական լինելու ետևանքով։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Երևանում տրանսպորտային համակարգի բարեփոխումների հանձնաժողովի անդամ է։ Panorama.am-ի հետ զրույցում նա ասաց՝ վերջին անգամ հանձնաժողովն աշխատանքային նիստ է հրավիրել անցած տարվա գարնանը, ոչ մինչ այդ նիստը, ոչ էլ դրանից հետո տրանսպորտային նոր համակարգի ներդրման ուղղությամբ ռեալ քայլեր չեն ձեռնարկվել, մինչդեռ խնդրին լուծում պետք է տրվի արագ տեմպերով։
«Այո, այդ վթարի դեպքում կա մարդկային գործոն։ Բացի այդ, կան նաև շարժակազմի, տեխնիկական ու անվտանգության խնդիրներ։ Մենք համակարգային ներդրում չենք անում, իսկ մեքենան պահում ենք այնքան, քանի դեռ մեքենան տեղից շարժվում է»,-ընդգծում է ՀԿ նախագահը։
Պիպոյանի խոսքով, ուղևորների անվտանգությունը վտանգի տակ են դնում պետական մարմինների ոչ պատշաճ վերահսկողությունը, գործողությունների դանդաղ ընթացքը, համակարգային մոդելների ներդրման ձգձգումը։
«Համակարգային մոդելների ուշ ներդրումը պատճառն է այա ամենի։ Ինչո՞ւ, որովհետև երբ ընկերությանն ասում են, դու այլևս խաղացող չես լինելու, չի բացառվում, որ այդ ընկերությունը մի քիչ էլ քաղաքային իշխանությանն է լավություն անում, որ այդ երթուղին դեռ սպասարկում է։ Այս պարագայում քաղաքային իշխանությունն էլ բնականաբար թուլացնում է այդ լավություն անողի նկատմամբ վերահսկողությունը։ Սրանք իրար հետ փոխկապակցված հարցեր են»,-մանրամասնում է նա։
Հիշեցնենք, որ անցած մեկ ու կես տարվա ընթացքում Երևանում երթուղիների սպասարկումից տարբեր պատճառներով հրաժարվել է մոտ մեկ տասնյակ ընկերություն։ Վերջին դեպքը մի քանի օր առաջ էր։
Պիպոյանը համարում է, որ երթուղային տաքսու վթարն ահազանգ էր՝ հետագայում քայլեր ձեռնարկելու ու նման դեպքերը կանխելու համար։
«Չի քննարկվում, առաջին մեղավորը վարորդն է։ Բայց արդյո՞ք համայնքն իրավունք ունի կազմակերպել տարբեր ենթակառուցվածքների աշխատանքներն այնպես, որ այդ ամեն ինչը կախված լինի մեկ անձինց։ Իհարկե, նման իրավունք չունի։ Քաղաքապետարանն ընդամենն ասաց՝ կա ընթացակարգ, որ վարորդը չի պահել, իսկ ո՞վ չի հետևել, որ վարորդը պահի այդ ընթացակարգը, չխոսվեց։ Արդյոք չկա՞ն պատասխանատուներ, արդյոք սա ահազանգ չէ՞, որ եթե անգամ չունենք, ունենանք, արդյոք չպե՞տք է լիներ նման ռիսկի գնահատում, այն կանխելու համար մշակված ու ներկայացված լիներ ռազմավարություն, ինչը չի արվել։ Այսինքն, քաղաքապետարանը պատասխանատվությունը սեփական դաշտից այլ դաշտ տեղափոխեց»,-մանրամասնում է նա։
ՀԿ նախագահն այս առումով շեշտում է՝ վթարին հանրային արձագանք չեղավ, օրակարգում քաղաքական ֆոնի շատ լինելու հետևանքով, օգտվելով նաև սրանից քաղաքապետարանն իր պատասխանատվության տիրույթից հարցը դուրս հանեց, մինչդեռ քաղաքային տրանսպորտի կայուն ու անվտանգ աշխատանքի երաշխավորը պետք է լինի ոչ թե մասնավորը կամ անհատը, այլ համայնքը։
Դատելով առկա լռությունից՝ ահազանգն այդպես էլ սթափեցնող չեղավ։
Հարակից հրապարակումներ`
- Վթարի ենթարկված Գազելի հարբած վարորդն առավոտյան զննության չի ենթարկվել
- 99 համարի երթուղային տաքսու վթարից տուժածներն ունեն միջին ծանրության կոտրվածքներ
- 49 երթուղին սպասարկող ընկերությունը հրաժարվել է աշխատելուց
- Երևանում ինը կազմակերպություններ տարբեր պատճառներով հրաժարվել են երթուղիների սպասարկումից
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան