Առաջին ընթերցմամբ ընդունվեց անձնական կյանքին միջամտելու, կորոնավիրուսից մահացածներին չդիահերձելու մասին նախագծերը
Քաղաքական
16:42 30/03/2020
Հայաստան

Առաջին ընթերցմամբ ընդունվեց անձնական կյանքին միջամտելու, կորոնավիրուսից մահացածներին չդիահերձելու մասին նախագծերը

Խորհրդարանն այսօվա արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց օրակարգային չորս հարցերից երեքը։ Չորրորդ նախագիծը, որը վերաբերում էր ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև երկրորդ ֆինանսավորման համաձայնագրի ընդունումանը, կառավարությունը հետ էր կանչել։

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը խորհրդարանն ընդունեց ձայների 57 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ։

Նախագծով կառավարությունն առաջարկում է համաճարակով պայմանավորված արտակարգ իրավիճակի պայմաններում միջամտություն իրականացնել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վարման կարգով հստակեցրեց՝ հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելը չի ենթադրում հեռախոսազանգերի կամ հաղորդագրությունների բովանդակությունների հասանելիություն։

Նա ասաց, որ առաջինից երկրորդ ընթերցում «Իմ քալը» կներկայացնի որոշակի առաջարկություններ, որոնք կվերաբերեն հավաքագրված ինֆորմացիայի հետագա ոչնչացմանը և վերահսկողություն իրականացնելու գործիքակազմին։

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ հայտնեց, որ վաղ առավոտից օրենքի նախագիծը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանի հետ, և վերջինս շատ լուրջ վերապահումներ ունի. «Պաշտպանը շատ լուրջ անհամաձայնություններ ունի նախագծի հետ, քանի որ նախագիծը մարդու ազատությունների և իրավունքների սահմանափակմանն է վերաբերում»։

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկմանն մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կորոնավիրուսի հետևանքով մահացածներին չդիահերձել, առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ ձայների 66 կողմ, 16 դեմ և 2 ձեռնպահ հարաբերակցությամբ։

«Բաժնետիրական ընկերությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ևս առաջին ընթերցմամբ ընդունվեց։ Նախագծին կողմ էր քվեարկել 87 պատգամավոր, դեմ և ձեռնպահ ձայներ չկային։

Ըստ նախագծի, ընկերությունները հնարավորություն կունենան բաժնետերերի խորհրդի առցանց ժողովներ հրավիրել և քվեարկել։

Տեղեկացնենք, որ նախագծերի քննարկումն իրականացվել է հատուկ ընթացակարգով, և նախագծերի՝ առաջին ընթերցմամբ ընդունումից հետո, երկրորդ ընթերցումը լինում է 24 ժամ հետո։

Placeholder
Առաջին ընթերցմամբ ընդունվեց անձնական կյանքին միջամտելու, կորոնավիրուսից մահացածներին չդիահերձելու մասին նախագծերը