Էդգար Ղազարյան. Կոչ եմ անում հանրային դժգոհության ընդհանուր քայլ կատարել և երեխաներին չուղարկել դպրոց
Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը հայտարարում է՝ իր երեխաներին չի պատրաստվում դպրոց ուղարկել։
«Սիրելի՛ հայրենակիցներ, ընկերներ և բարեկամներ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է մի ուղեցույց, որի պահանջներով և կարգավորումներով 2020 թվականի սեպտեմբերի 15-ից պետք է կազմակերպվի ուսումնական գործընթացը հանրակրթական դպրոցներում։ Ինչպես հաճախ է պատահում օրվա իշխանությունների պարագայում, այն նախնական քննարկում է չի անցել գործընթացի հիմնական շահառուների՝ ուսուցիչների, հոգեբանների, բժիշկների, ծնողների հետ և այն։
Ավելին, ինձ հայտնի չեն այդ թեմայով որևէ հանրային քննարկումներ, որտեղ հնարավոր կլիներ լսել փորձառու մարդկանց կարծիքն ու տեսակետները, դիտարկել նոր իրավիճակում ուսումնական գործընթացի կազմակերպման տարբերակներ։ Այդ ամենի հետևանքով սահմանվել է մի կարգ, որը գործնականում կիրառելիության տեսանկյունից առնվազն խիստ խնդրահարույց է և կարող է անտանելի վիճակ ստեղծել մեր երեխաների և ուսուցիչների համար։ Կրթության ոլորտի պատասխանատուներն արդեն իսկ հայտարարել են, որ կարգում պետք է կատարվեն փոփոխություններ։
Կարծում եմ, որ խելամիտ որոշումների չհանգելու դեպքում, մենք պետք է ձեռնպահ մնանք մեր երեխաներին սեպտեմբերի 15-ից դպրոց ուղարկելուց։ Մենք և մեր երեխաները ոչ մի մեղք չունենք, որ որոշումներ կայացնելու իրավասությունները հանգամանքների բերումով վերապահվել են գործից անտեղյակ, պատահական մարդկանց։
Ես ունեմ դպրոցահասակ երկու երեխա և չեմ պատրաստվում նրանց սեպտեմբերի 15-ին ուղարկել դպրոց՝ այդ անտանելի պայմաններում կիսատ-պռատ ուսումնական գործընթացին մասնակից դարձնելու և անտեղի անհարմարություններին դիմակայելու համար։
Կոչ եմ անում հանրային դժգոհության ընդհանուր քայլ կատարել և երեխաներին չուղարկել դպրոց այնքան ժամանակ, քանի դեռ չեն կայացվել խելամիտ և հանրության հետ քննարկումների արդյունքում կայացված որոշումներ»։
Հարակից հրապարակումներ`
- Դպրոցականի դիմակը չարիքի փոքրագույնն է այս ամենի մեջ
- Կառավարությունը դպրոցների համար 25 դրամով դիմակներ կգնի
- Ի՞նչ պարտականություններ են ստանձնելու ուսուցիչներն ու ծնողները նոր ուստարվա մեկնարկին. ուղեցույց
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան