Ամատունի Վիրաբյան. Ինձ ավելի շատ դատարանի վճիռ էր պետք, որ արդարադատության նախարարի հրամանն անհիմն է
Հասարակություն
18:18 21/01/2021
Հայաստան

Ամատունի Վիրաբյան. Ինձ ավելի շատ դատարանի վճիռ էր պետք, որ արդարադատության նախարարի հրամանն անհիմն է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի հայցը՝ անվավեր ճանաչել նրան պաշտոնից ազատելու ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանը, վերականգնել նախկին աշխատանքի, բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը: Վճիռը կայացրել է դատավոր Լիզա Գրիգորյանը։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Որոշման համաձայն, դատարանը Ամատունի Վիրաբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի`  2020 թ. սեպտեմբերի 7-ի հրամանը ճանաչել է անվավեր, որոշել է վերականգնել Ամատունի Վիրաբյանին «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում:

Դատարանը  ՀՀ արդարադատության նախարարությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել է 4000 դրամ գումար որպես պետական տուրք:

ՀՀ արդարադատության նախարարությունից հօգուտ հայցվոր Ամատունի Վիրաբյանի բռնագանձել է 50 հազար ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:

Panorama.am-ի հետ զրույցում Ամատունի Վիրաբյանն ասաց, որ ի սկզբանե գիտեր՝ բավարարվելու է իր հայցը, քանի որ իրեն ազատել են պաշտոնից առանց որևէ պատճառի:

«Պատճառն այն է, որ տարիներ առաջ հարկեր չեմ վճարել, երբ որ այդ հարկերը պետությունն իր պահուստային ֆոնդից տվել է ինձ, ես էլ հետո վճարել եմ: Հարկայինը, երբ որ ստուգել է, պարզվել է հարկային պարտավորություններ ունենք, դիմել ենք պետությանը, կառավարությանը, նախարարության միջոցով այդ գումարը տրվել է մեզ, ես էլ վճարել եմ: Եթե մեղավոր լինեի, ինչո՞ւ էին այդ գումարը տալիս: Դրանից անցել էր 2,5 տարի: Հանկարծ հիշել էին, որ ես 2,5 տարի առաջ հարկեր չեմ վճարել:

Կարծում եմ՝ կամ քաղաքական ենթատեքստ կար կամ ինչ-որ մեկին անհրաժեշտ էր աշխատանքի տեղավորել»,- ասաց Ա. Վիրաբյանը:

Նա հիշեցրեց, որ ամռանը, երբ Հայոց պատմություն, Գրականություն առարկայի դասավանդման հետ կապված քննարկում էր ընթանում, ինքը կոնցեպցիայի դեմ է խոսել, գուցե դա էլ է նշանակություն ունեցել:

Ամատունի Վիրաբյանը դեռ չգիտի՝ կվերադառնա Ազգային արխիվի տնօրենի պաշտոնին, թե ոչ. «Մեկ ամիս հետո է ուժի մեջ մտնելու վճիռը: Չեմ կարող ասել՝ կվերադառնամ, թե ոչ: Ինձ համար ավելի շատ բարոյական խնդիր էր, դատարանի վճիռ էր պետք, որ նախարարի հրամանն  անհիմն է»:

 

Placeholder
Ամատունի Վիրաբյան. Ինձ ավելի շատ դատարանի վճիռ էր պետք, որ արդարադատության նախարարի հրամանն անհիմն է