Եթե երեխայի մոտ առկա է ախորժակի անկում, թուլություն, անհապաղ դիմեք բժշկի
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցն այս օրերին աշխատում է բավականին ծանրաբեռնված։ Օրական հիվանդանոց է դիմում 190-200 երեխա, որոնց 80 տոկոսն ունեն սուր շնչառական վարակներ։
«Օրական կատարվում է 30-40 հոսպիտալացում, եթե ունենում ենք ազատ մահճակալներ։ Օրվա երկորրդ կեսին՝ ժամը 15։00-ին մոտ այս օրերին ազատ մահճակալներ գրեթե չեն լինում»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժշկի՝ բուժական գծով տեղակալ Սիրանուշ Էտիբարյանը։
Հիվանդանոցում կատարված հետազոտություններն էլ ցույց են տվել, որ տարածված են գրիպի A և B ենթատեսակները։
Վարակի հետագա բարդություններից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս բժշկին դիմել ջերմության հենց առաջին օրը։ Հիվանդության նշաններն են թուլությունը, ախորժակի անկումը, չկառավարվող ջերմությունը, քնկոտությունը, հեղուկներից հրաժարվելը։
«Երբ ծնողը զբաղվում է ինքնաբուժմամբ, շատ դեպքերում հիվանդությունը խորանում՝ հանգեցնելով թոքաբորբի, շնչառական երկրորդ անբավարարության նշանների։ Այս պահին հիվանդանոցում ունենք թոքաբորբով 34 երեխա, ևս 74 հոսպիտալացված երեխա ունենք սուր շնչառական վարակներով»,-ասաց Սիրանուշ Էտիբարյանը։
Նա խորհուրդ է տալիս ծնողներին, պարտադիր կապ պահպանել տեղամասային մանկաբույժների հետ, տեղեկացնել նրանց երեխայի հիվանդ լինելու, նրա վիճակի մասին, ինքնուրույն չզբաղվել երեխայի բուժմամբ։
«Հատկապես բացառել հակաբիոտիկների անտեղի կիրառումը, քանի որ այն խանգարում է բուժմանը, ուշացնում է երեխաների լավացումը»,-ընդգծեց մասնագետը։
ՀՎԿԱԿ-ից Panorama.am-ին հայտնել էին, որ հունվարի 17-ի դրությամբ հանրապետության հիվանդանոցներում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 735 պացիենտ, որոնց 87 տոկոսը կազմում են 0-18 տարեկան երեխաները։ Նույն օրվա դրությամբ 328 պացիենտ հոսպիտալացված է թոքաբորբով, որոնց 60 տակոսը երեխաներ են։
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելու դեպքում մեր գործունեությունը դժվարանալու է.Սուրեն Սաֆարյան