Հայկական ձեռագրերը վերականգնվում են տեղական արտադրության թղթով
Մաշտոցյան Մատենադարանում նախաձեռնվել է ձեռագրերի վերականգնման համար տեղական հումքով թղթի արտադրություն հիմնել։ Մատենադարանի վերականգնման բաժնի մասնագետների ուսումնասիրությունների ու փորձարկումների արդյունքում հնարավոր է դարձել աշխարհում հայտնի ձեռագրերի վերականգնման ճապոնական թուղթը ստանալ նաև հայկական հումքից։
Panorama.am-ի հետ զրույցում Մատենադարանի հանրային կապերի բաժնի վարիչ Էմմա Հոռոփյանն ասաց, որ Armenia Tree Project բարեգործական հիմնադրամը Վայոց Ձորում տարածք է տրամադրելու Մատենադարանին, թթի 100 ծառ է տնկվելու, որն էլ թղթարտադրության հումքն է։
Նա նշեց, որ երեկ կնքվել է հուշագիր, տնկվել մեկ խորհրդանշական ծառ, մնացած ծառերն արդեն կտնկվեն Վայոց Ձորում և կսկվի արտադրությունը։
«Արդեն քանի տարի է, մենք Մատենադարանի տարածքում ունենք տնկած թթենիներ, սակայն ծառերը քիչ են, հիմա ընդլայնում ենք, որպեսզի ոչ միայն Մատենադարանի ձեռագրերը սպասարկենք, նաև Հայաստանում գործող բոլոր այն կառույցներին կտրամադրենք, որոնք զբաղվում են վերականգնմամբ»,- ասաց Է. Հոռոփյանը։
Հայաստանում արտադրած թղթով արդեն վերականգնվել է Մատենադարանում պահվող 13-րդ դարի ձեռագիր։
Նա նշեց, որ աշխարհի մի քանի երկրներում ստանում են ձեռագրերի վերականգնման համար թղթեր, սակայն ամենահայտնին ճապոնական թուղթն է, որից էլ տարիներ շարունակ օգտվել է Մատենադարանը։
«Այն բավականին թանկ է։ Բացի այդ կովիդի ժամանակ ներմուծման հետ կապված խնդիրներ եղան, դրա համար մեր մասնագետները որոշեցին հենց մեր երկրում վերականգնել միջնադարում գոյություն ունեցող թղթի արտադրությունը», ասաց Է.Հոռոփյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում