Հայաստանում մեկնարկեց առաջին համազգային Գիտության շաբաթը
Մեկնարկել է Հայաստանի առաջին համազգային «Գիտության շաբաթը», որի շրջանակում հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում անցկացվում է Գիտության փառատոն։
«Գիտության շաբաթը» ներառում է բազմաբնույթ միջոցառումներ, որոնք ուղղված են գիտության հանրահռչակմանը և տարբեր հասարակական խմբերի ներգրավմանը։ Այս տարվա միջոցառումների հիմնական թեման՝ «Մոտեցնելով գիտությունը հասարակությանը», ընդգծում է մեր միասնական ջանքերը՝ գիտությունը և տեխնոլոգիաները Հայաստանում դարձնելու առաջնահերթություն և զարգացման հիմնական գործիք։ Գիտության փառատոնը համախմբել է գիտական ինստիտուտներ, համալսարաններ, կրթական և տեխնոլոգիական համայնքներ և ընկերություններ։ Փառատոնն ունենալու է երեք թեմատիկ բաժին:
ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ներկայացուցիչ Արմինե Մամյանը զբաղվում է ջրիմուռների մաքուր կուլտուրաների ստացմամբ։ «Գիտության շաբաթ»-վա ընթացքում ներկայացնում է Սևանա լճից ստացված ջրիմուռների մաքուր կոլտուրաներ, որոնք ինչպես կենսատեխնոլոգիական նշանակություն ունեն, նաև կարևոր են էկոլոգիական տարբեր գիտափորձերում կիրառության համար։
«Իմ մոտ առանձնացված կա Սևանա լճում ծաղկում առաջացնող ջրիմուռի տեսակը։ Կարևոր է այն առումով, որ կարող ենք լաբորատար տարբեր փորձերի միջոցով հստակ պատերացում կազմել Սևանա լճի ծաղկման պատճառերի մասին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ա. Մամյանը։
ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը ներկայացրել է դրոն, որի օգնությամբ ստանում են պատկերներ։
«Խաղողի դաշտերում ենք աշխատանքներ իրականացնում, քլորոֆիլ ենք չափում քլորոֆիլի սարքի միջոցով, դրոնի միջոցով ստանում ենք պատկերները ու սպեկտոմետրի միջոցով էլ ստանում ենք արդյունքները»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հեռազննման բաժնի լաբորանտ-հետազոտող
Անի Ավետիսյանը։ Նա նշեց, որ իրենք այդ աշխատանքներն անում են ուսումնասիրության շրջանակում, նաև պատվերների դեպքում կարող են ուսումնասիրություններ իրականացնել։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Գիտության շաբաթն անցկացվում է Team Telecom Armenia-ի աջակցությամբ
- Չունենք գիտական հետազոտությունների միջոցով մեր երկրի խնդիրների լուծման որևէ ռազմավարություն. «Գիտուժ»-ի անդամ
- Այսօր Հայաստանում մեկնարկում է առաջին համազգային Գիտության շաբաթը