Դատավորը բավարարեց Սերժ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունը
Իրավունք
17:03 10/09/2025
Հայաստան

Դատավորը բավարարեց Սերժ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունը

Հակակառուպցիոն դատարանում այսօր շարունակվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ մեկ այլ գործով դատական նիստը։ Դատավորն է՝ Գիվի Հովհաննիսյանը։

Պաշտպանության կողմը նիստի սկզբում հանդես եկավ միջնորդությամբ՝ դիմել Հակակոռուպցիոն դատարանի նախագահին և այս վարույթում քննվող քրեական գործը միացնել նույն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանի վարույթում քննվող գործին։ 

Հանրային մեղադրող Ծովակ Մնացականյանը ներկայացված միջնորդության հետ կապված ասաց, որ դատարանը պետք է հանգի հետևության արդարադատության շահի և գործերի արդարության՝  բացասական հետևանքներ չառաջացնելու տրամաբանությամբ։  

Դատավոր Գիվի Հովհաննիսյանն ասաց, որ միջնորդությունը բավարարվում է. կդիմի Հակակոռուպցիոն դատարանի նախագահին՝ գործի միացման վերաբերյալ համապատախան որոշում կայացնելու համար։ 

Դատական նիստը հետաձգվեց անորոշ ժամանակով՝ մինչև դատարանի նախագահի որոշումը։ 

Մեղադրական եզրակացության համաձայն. Սերժ Սարգսյանը 2000 թվականից մինչև 2007 թվականը զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի, 2007 թվականի ապրիլի 4-ից մինչև 2008 թվականի փետրվարի 19-ը՝ ՀՀ վարչապետի, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 17-ը՝ ՀՀ նախագահի, իսկ 2018 թվականի ապրիլի 17-ից մինչև 2018 թվականի ապրիլի 23-ը՝ ՀՀ վարչապետի պաշտոնը, ինչպես նաև 2006 թվականից հանդիսանալով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության՝ գույքային, առևտրատնտեսական, ֆինանսական հարցերի համակարգման համար 1997 թվականի հուլիսի 1-ին հիմնադրված հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նախագահ, օրենքով նախատեսված արգելքին հակառակ 2006-2015 թվականների ընթացքում «ԼԼ բիմբո» ՍՊ ընկերության հիմնադիր Սեդրակ Քոչարյանի, նույն ընկերության տնօրեն Ալեքսան Որսականյանի և իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Միխաիլ Բաղդասարովի կողմից միջոցներ տրամադրելու և խոչընդոտները վերացնելու եղանակներով դրսևորված օժանդակությամբ մասնակցել է Միխաիլ Բաղդասարովին պատկանող, այդ թվում՝ «Միկա Լիմիթեդ» և «Աբիտ» առևտրային կազմակերպությունների կառավարմանը՝ արտոնություններ, առավելություններ տրամադրելով նշված կազմակերպություններին և հովանավորելով իրականացվող գործունեությունը, որը դրսևորվել է օտարերկրյա ներդրումներով խոշոր տնտեսական ծրագրերում ներգրավելով, բարձր ռիսկայնության պայմաններում շուրջ 14 միլիոն ԱՄՆ դոլար վարկի տրամադրմամբ, օտարերկրյա կազմակերպությունների կողմից գույքի ձեռքբերման գործընթացներում ներգրավելով և այլն:
Բացի այդ, Սերժ Սարգսյանը «ԼԼ բիմբո» ՍՊ ընկերության հիմնադիր Սեդրակ Քոչարյանի կողմից միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով դրսևորված օժանդակությամբ Միխաիլ Բաղդասարովի և նրա մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողությունների կատարմանը նպաստելու համար պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով գույք՝ «Աբիտ» ՍՊ ընկերության 22,5 տոկոս բաժնեմասը, որը 2008 թվականի մարտի 23-ին ձևական գործարքով՝ 100.000 ՀՀ դրամով, վաճառվել է «ԼԼ բիմբո» ընկերությանը»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder