Սուրենյանց. Հակոբ Արշակյանի քայլը քաղաքական ուղերձ էր
Վերջին օրերի աղմկահարույց կալանավորումները ներիշխանական գզվռտողի արդյունք են, որը խորանալու է։ Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Իշխանությունը տեղի ունեցածը ներկայացնում է որպես կոռուպցիայի դեմ պայքար, բայց կոռուպցիայի դեմ պայքար տեղի է ունենում միայն այն դեպքերում, երբ երկիրդ դեմոկրատական է։ Հայաստանը, ի հեճուկս իշխանության վարդագույն ներկայացումների, դեմոկրատական երկիր չէ։ Մենք կոռումպացված ավտորիտար համակարգ ենք, որտեղ ըստ էության բարեփոխումների մասին խոսելն անիմաստ է, եթե չկան բարեփոխումներ, անիմաստ է խոսել նաև կոռուպցիայի դեմ պայքարի մասին։ Նման անձնակենտրոն իշխանության համակարգերում կոռուպցիայի դեմ պայքարը որպես կանոն լինում է գործիք ներիշխանական հարաբերություններ պարզելու համար։ Բոլոր ավտորիտար պետություններում է այպես։ Կոռուպցիան համատարած է բոլոր օղակներում, բայց թիրախավորվում է այն օղակը հատկապես, որը պետք է իշխանության ղեկին գտնվող մարդուն կամ իշխանության ավելի ազդեցիկ կենտրոններին։ Հետևաբար այն, ինչ տեղի ունեցավ էկոնոմիկայի նախարարության շուրջ, այո, ներիշխանական գզվռտոցի հետևանք է։ Ասածս, իհարկե, չի բացառում, որ կոռուպցիոն դրսևորումներ եղել են, բայց կրկնում եմ, որ դրանք կարելի է գտնել բոլոր գերատեսչություններում, ընդ որում հատորներով»,-մանրամասնեց Սուրենյանցը։
Քաղաքագետի կանխատեսմամբ, իշխանության ներսում առկա հակասությունները, գզվռտոց գնալով խորանալու են Փաշինյանի վարկանիշի սրընթաց անկման և արտաքին մարտահրավերների ավելացման պայմաններում։
«Պարզ է, որ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ հետ կապված չափից դուրս խիստ մոտեցում է ցուցաբերվել, քանի որ ցանկացել են ինչ-որ բան հասկացնել Ալեն Սիմոնյանին։ Բնականաբար թիմում կգտնվեն մարդիկ, որոնք սրա հետ համաձայն չեն։ Օրինակ, Հակոբ Արշակյանի այսօրվա քայլը դրա դրսևորում է։ Կարող էր կալանավորվածի գրքի մասին խոսել, բայց նրա անձը ֆետիշացվեց, առաջարկվեց ծափահարել։ Սա անկասկած քաղաքական ուղերձ էր»,-ասաց նա՝ չբացառելով, որ տեղի ունեցած զարգացումները ըստ ամենայնի հարվածել են նաև Արշակյանի դիրքերին։
Մանրամասները՝ ձայնագրությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Սիմոնյանի հարսի փաստաբան. Մինչև դատարանի որոշումը չտեսնենք, բողոքը չենք կարող կառուցել
- Հակոբ Արշակյանը գործարարներին խորհուրդ տվեց կարդալ «Սիներջիի» կալանավորված տնօրենի մասին «Վերելք» գիրքը
- Ալենի եղբոր կնոջը կալանք տված դատավորը Ալենի նախկին աշխատողն է․ Ռոբերտ Հայրապետյան
- Ալեն Սիմոնյանի եղբոր կինը կալանավորվեց
- Լուսինե Թովմասյանի սկեսրայրը կալանավորվեց
- Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ հետ ձերբակալվածներից մեկը Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է
- Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը