Փաշինյանից հետո Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ
Քաղաքական
12:40 28/07/2026
Աշխարհ

Փաշինյանից հետո Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Նրանք քննարկել են երկկողմ ու միջազգային օրակարագի վերաբերյալ արդի հարցեր, նշել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների կառուցողական բնույթն ու գերատեսչությունների միջև շփումների ակտիվացումը։

Ըստ պաշտոնական տեղեկատվության, վերահաստատվել է փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնմանն ուղղված փոխադարձ հանձնառությունը։

Հիշեցնենք, որ երեկ կայացել է Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցը։ Դրա վերաբերյալ Կրեմլի էջում մեկ նախադասություն է։

Հայկական կողմի փոխանցմամբ, զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների օրակարգի, մասնավորապես, երկկողմ տնտեսական հարաբերություններում առաջացած խնդիրների վերաբերյալ։

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հայաստանյան ծագման ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին, եւ խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ։

Ինչ վերաբերում է Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամագրվելու հարցով ՀՀ–ում հանրաքվե անցկացնելուն, ինչի մասին ասվում է ԵԱՏՄ անդամ չորս երկրների ղեկավարների ս/թ մայիսի 29–ին ընդունված համատեղ հայտարարության մեջ, վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում հղելուց եւ թեման առարկայական դարձնելուց հետո։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder