Շիրակում տեղի ունեցած վթարի գործով ձերբակալված կա
Նոյեմբերի 10-ի Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի հետ կապված ձերբակալվել է երթուղային «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը։ Այս մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն։
Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումները վթարի բոլոր հանգամանքները, ինչպես նաեւ տուժած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Հիշեցնենք, երեկ ժամը 19-ի մոտակայքում Մ-1 միջպետական ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի 108 կմ-ում բախվել են «ԳԱԶել» մակնիշի և «ԿամԱԶ» մակնիշի (վարորդ Մ. Վ., ծնվ. 1944 թ.) ավտոմեքենաները, ինչից «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից հանդամասում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.44-ին, մարվել` 19.51-ին: Ամբողջությամբ այրվել է «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերվել տուժածներ Ս. Հ.-ն (ծնվ. 1997 թ.), Հ. Հ.-ն (ծնվ. 1978 թ.), Է. Ս.-ն (ծնվ. 2001 թ.) Կ. Բ.-ն (ծնվ. 1975 թ.), Հ. Չ.-ն (ծնվ. 1997 թ.), Զ. Հ.-ն (ծնվ. 1978թ.) և Ա. Շ.-ն (ծնվ.1992 թ.), ովքեր տեղափոխվել են Գյումրի քաղաքի ԲԿ, իսկ անձը չպարզված 7 քաղաքացիներ մահացել են:
Հրշեջ-փրկարարներն այրված ավտոմեքենայից դուրս են բերել մահացածների դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին: