Քեն Հաչիկյանը կարևոր տեղեկություններով նամակ էր ուղարկել Սենատի անդամներին
Ինչպես տեղեկացնում է «Էրմենի հաբեր» (Ermeni haber) լրատվական գործակալությունը, մինչև ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի մեկնարկը «Ամերիկայի Հայ ազգային կոմիտե»-ի (Հայ դատի) նախագահ Քեն Հաչիկյանը նամակ է ուղարկել Սենատի անդամներին, որտեղ կարևոր տեղեկություններ է հայտնել Բրայզայի մասին:
Նշենք, որ երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկել է Բրայզայի թեկնածությունը, ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նիստ է գումարվել, որի ժամանակ Բրայզան պատասխանել է սենատորների հարցերին: Այդպես է, քանի որ, ըստ սահմանված կարգի, անհրաժեշտ է, որ Սենատը հավանության արժանացնի դեսպանի պաշտոնի համար առաջադրվածի թեկնածությունը:
Քեն Հաչիկյանի նամակում մասնավորապես ուշադրություն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ վերջինս ամուսնացած է Հուդսոնի ինստիտուտում աշխատող թրքուհի Զեյնո Բարանի հետ: Իսկ այդ ինստիտուտը նյութական աջակցություն է ստանում Ադրբեջանի հետ կապ ունեցող էներգետիկ ընկերություններից: Բրայզա-Բարան զույգի հարսանեկան արարողությունը կազմակերպվել է Ստամբուլում, ֆինասնավորվել ազերի գործարարների կողմից և այլն:
Միացյալ Նահանգների ադրբեջանցիների միությունն էլ հաղորդագրություն է տարածել, որով ողջունել է Մեթյու Բրայզային Բաքվում ԱՄՆ դեսպան նշանակելու գաղափարը: