Ֆ.Քրոուլի. Պետքարտուղարությունը դեմ է Ցեղասպանության բանաձևին
«Մենք տեղյակ ենք տեսականորեն հնարավոր 252 Պալատի բանաձևի մասին, և մենք վճռականորեն դեմ ենք այդ բանաձևին: Մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Թուրքիայի համար ընդհանուր անցյալին անդրադառնալու լավագույն ճանապարհը իրենց հարաբերությունները բարելավելուն ուղղված ջանքերն են»,- մամլո ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին, թե հնարավոր է արդյոք 252 բանաձևի մուտքը օրակարգ և քվեարկությունը, ըստ «Ermenihaber.am»-ի, այսպես է պատասխանել պետքարտուղարության խոսնակ Ֆ.Քրոուլին:
Վերջին շաբաթվա ընթացքում շատ էր խոսվում այն մասին, որ մինչև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընթացիկ նստաշրջանի եւ ներկայիս կազմի ժամկետի ավարտը հնարավոր է օրակարգ մտնի եւ քվեարկվի 1915-1923թթ. Հայերի ցեղասպանության ճանաչման մասին 252 բանաձեւը: Այս առումով ծավալուն աշխատանք էին կազմակերպել Միացյալ Նահանգների հայկական կազմակերպությունները: Նախօրեին, ավանդույթի համաձայն, հեռախոսազրույց է տեղի ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Հ.Քլինթոնի եւ Թուրքիայի ԱԳ նախարար Ա.Դավութօղլուի միջև:
Հատկանշական է, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը ցեղասպանության բանաձեւին խոչընդոտելու արդարացումների ցանկից արդեն հանել է հայ-թուրքական արձանագրություններին արվող հղումները: