Taraf. Որոշ թուրք դեսպանների սպանել է Թուրքիայի «խորքային պետությունը», ոչ թե «ԱՍԱԼԱ»-ն
Երեկ Ստամբուլի ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության հատուկ ջոկատայինների կողմից ձերբակալված «Սուսուրլուք»-ի գործով կասկածյալ Այհան Չարքընը ցնցող հայտարարություն է արել:
Թուրքական «Taraf» թերթին տված հարցազրույցում նա կոչ է արել բացել «ԱՍԱԼԱ»-ի գործը:
«Բացեք այն և կտեսնենք, որ մեր դեսպանների որոշ մասը սպանվել է հենց խորքային պետության կողմից»,- ասել է Չարքընը: Նա հանրությանը հայտնի է որպես պետության անունից սպանություն կատարած «խորքային պետության» հանցագործ:
Նշենք, որ Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելի բնորոշմամբ` «խորքային պետություն» ասվածը այդ երկրի բանակն է: Ավելի ստույգ` ընդհատակյա ուժային ցանցը, որը հաճախ հանցավոր մեթոդներով փորձում է ուղղություն տալ ներքաղաքական կամ արտաքին քաղաքական զարգացումներին: Օրինակ` թուրքական «խորքային պետության» ստեղծած կառույցն է «JİTEM»-ը (թուրքական ժանդարմերիայի հատուկ ծառայություն), որը խլեց ավելի քան 17.000 մարդու կյանք: Մարդկանց առևանգում էին, ապա նրանց մարմինները նետում փողոց, կամուրջների տակ և ջրհորների մեջ: