Ադրբեջանի Մեջլիսը Իրանի հետ կնքած ազատ տեղաշարժի մասին համաձայնագիրը չեղյալ կհայտարարի
Ավելի քան 20 տարի է, որ Ադրբեջանը Նախիջևանի հետ ցամաքային կապ է հաստատում Իրանի տարածքով:
Այդ մասին հաղորդում է իրանական «արաննյուզ.իռ» կայքը:
Համաձայն հաղորդագրության՝ հեշտացրած կարգով քաղաքացիների տեղաշարժի մասին համաձայնագիրն Ադրբեջանի և Իրանի միջև ստորագրվել է 2005թ. ապրիլին, համաձայն որի՝ երկու երկրների սահմանամերձ բնակավայրերում ապրող քաղաքացիները (մինչև 45 կմ շառավիղով տարածքներում) կարող են ազատորեն տեղաշարժվել:
Իրանական աղբյուրը, նշում է, որ Ադրբեջանը այն դեպքում է համաձայնագիրը չեղյալ հայտարարելու մասին որոշում կայացնում, որ Իրանը 2010թ. միակողմանիորեն Ադրբեջանի քաղաքացիների համար չեղյալ է համարել վիզային ռեժիմը, բացի այդ, ավելի քան 20 տարի է, որ Ադրբեջանը Նախիջևանի հետ ցամաքային կապ է հաստատում Իրանի տարածքով:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Բաքվում ԻԻՀ դեսպան Մոհսեն Փաք Այինը Ադրբեջանի միգրացիոն կազմակերպության նախագահ Ֆերեյդուն Նաբիևի հետ հանդիպման ժամանակ, մատնանշելով Իրանի կողմից Ադրբեջանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի միակողմանի վերացման փաստը, պահանջել էր, որպեսզի Ադրբեջանում ապրող իրանցի ուսանողների, զբոսաշրջիկների և գործարարների՝ ելումուտի հետ կապված խնդիրները վերացվեն:
Իրանի դեսպանի՝ Ադրբեջանի միգրացիոն կազմակերպության նախագահի հետ հանդիպումից օրեր անց Ադրբեջանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնի աշխատակցին արտաքսեցին երկրից:
Նախորդող տեղեկատվություն՝
Իրանական կայք. Եթե Ադրբեջանը Թուրքիայի հետ վերացնի վիզային ռեժիմը, ապա Իրանը կփակի Նախիջևանի սահմանը
Բաքվում ԻԻՀ դեսպանը մտահոգված է Ադրբեջանում ապրող Իրանի քաղացիների խնդիրներով
Ադրբեջանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնի աշխատակցին արտաքսել են երկրից