Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում խոնարհված ծաղիկները երկրորդ կյանք կստանան
Այս նախաձեռնությունը մի քանի տարիների ընթացքում դարձավ ապրիլի 24-ի բնականոն
շարունակությունը: Այս մասին նշել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանն՝ այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի ունեցած ավանդական «Ծաղկահավաք» միջոցառումը:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից տեղեկացնում են, որ ինչպես 2010թ.-ից ի վեր ամեն տարի, «Ծաղկահավաք»-ն իրականացվել է Հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ:
Այս նախաձեռնությունը մեկտեղում է պոկված ծաղիկներին «երկրորդ կյանք» հաղորդելու խորհուրդը և բնապահպանական՝ վերամշակման միջոցով կրկին օգտագործելու առաքելությունը: Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են, դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից. առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար:
Պարարտախառնուրդն օգտագործվում է Հիշողության պուրակում հողի մշակման համար, իսկ ձեռակերտ թղթից հուշագրեր, շնորհակալագրեր, բացիկներ են պատրաստվում: Այս տարի ցողուններից կենսահումուս պատրաստել կօգնեն Երևանի բուսաբանական այգին և «ՕՌՎԱԿՕ» ՓԲԸ հայ-նորվեգական համատեղ ձեռնարկությունը:
« «Ծաղկահավաք»-ի գաղափարն այնքան համահունչ էր մարդկանց ակնկալիքներին, որ բոլորինը դարձավ՝ առավել մեծ արձագանք գտնելով հատկապես երիտասարդների շրջանում. սա է կազմակերպիչներիս ամենակարևոր ձեռքբերումը: Հարգանքի տուրք մատուցելու այն մղումը, որ տասնյակ հազարավորների ամեն տարի ապրիլի 24-ին բերում է հուշահամալիր, այժմ ամբողջականացվում է Ծաղկահավաքով», - նշել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը:
«Այս միջոցառումը ներառում է իր մեջ փոփոխության, լավատեսության, վերածնունդի խորհուրդը. մի քանի օր առաջ՝ սրտի մորմոքով այստեղ բերված ծաղիկներն այսօր վերածվելու են գեղեցիկ բացիկների, որոնց վրա երախտագիտության խոսքեր կգրվեն, մի մասն էլ կօգտագործվի հողի մշակման համար, որի վրա նոր ծառեր կաճեն: Կարևոր է վառ պահել հիշողությունը, սակայն պետք է նայել առաջ և ստեղծել նորը, դառնալ ավելի ուժեղ և գիտակից՝ ինքներս մեր և մեր շրջապատի հանդեպ»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ծաղկահավաքին մասնակցել են հասարական, միջազգային, մասնավոր ու պետական հատվածների, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, դեսպաններ և պաշտոնյաներ: