Զոհրաբ Մնացականյան. Դեկտեմբերի 9-ը անցյալում դրսևորած անգործության հավաքական մեղքի հիշեցումն է
Դեկտեմբերի 9-ը անցյալում դրսևորած անգործության հավաքական մեղքի հիշեցումն է,- ՄԱԿ-ի կենտրոնակայանում ցեղասպանության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան նվիրված միջոցառան ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը:
Նա նշել է, որ Հայաստանի նախաձեռնությամբ 2015թ. սեպտեմբերի 11-ին 69/323 բանաձևի ընդունումից ի վեր երկրորդ անգամն է, որ ՄԱԿ-ը և անդամ երկրները հարգանքի տուրք են մատուցում ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակին` պատվելով նրանց արժանապատվությունը և արտահայտելու նմանատիպ հանցագործության կրկնության կանխարգելման հավաքական վճռականությունը:
Ցեղասպանությունները կանխելու վաղ ահազանգման համատեքստում դեսպանը կարևորել է ազգային հաստատությունների տոկունությունը, անկախ և անկողմնակալ դատական համակարգի, պետական անվտանգության և իրավապահ համակարգի հաշվետվողականությունը, կառավարման գործընթացներին քաղաքական մասնակցության հնարավորությունների սահմանը, քաղաքացիական հասարակության ամրությունը, հիմնարար ազատությունների աստիճանը և ԶԼՄ-ների ազատ գործունեությունը:
«Ապահովելով վաղ կանխարգելման ամուր հիմքերը, բարձրացնելով իրազեկությունը և կրթելով ցեղասպանության արդյունքում խորը և տևական սոցիալական և քաղաքական մասնատման մասին` հնարավոր կլինի կանխարգելել նմանատիպ ոճիրները և դրա հետևանքները: Մենք չենք կարող ետ կանգնել մեր հանձնառությունից` կանխելու նմանատիպ ոճիրները, քանի որ պարտավորված ենք զոհերի և մեր հավաքական խղճի առջև: Այլևս երբե'ք արտահայտությունը չպետք է լինի զուտ արտահայտություն»,-ասել է նա:
ԱԳՆ-ից հիշեցնում են, որ 2015թ. սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 69-րդ նստաշրջանի ընթացքում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից ներկայացված 69/323 բանաձևը, որով հռչակվել է Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: Նախաձեռնությունը բխում է ս.թ. մարտի 27-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանում Հայաստանի կողմից ներկայացված և միաձայն ընդունված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևի դրույթներից: Սույն բանաձևերն ընդգծում են ցեղասպանության զոհերի հիշատակման անհրաժեշտությունը, ինչը կարևոր դերակատարություն ունի կանխարգելման գործում։
Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան ընդունվել է 1948թ. դեկտեմբերի 9-ին։ Հիշյալ բանաձևերը և միջազգային օրվա բարձրաստիճան միջոցառումները գալիս են լրացնելու Հայաստանի շարունակական ջանքերը` խթանելու ու համախմբելու ցեղասպանության ոճրի դեմ ուղղված միջազգային գործողությունները:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան