«Հայ ֆեստ»-ը կանցկացվի «Մենք 15 տարեկան երիտասարդ ենք» խորագրով
Հոկտեմբերի 1-8-ը կանցկացվի «Հայ ֆեստ» միջազգային թատերական 15-րդ փառատոնը, որը կրում է «Մենք 15 տարեկան երիտասարդ ենք» (We are15years old young) խորագիրը:
Լրագրողների հետ հանդիպմանը փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանն ասաց, որ այս տարի փառատոնը կհյուրընկալի 20 երկրից ժամանած 250 մասնակիցների և հյուրերի, նրանց թվում հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի նախագահների Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Իտալիայից, Բուլղարիայից, Շվեդիայից, Լեհաստանից, Իսրայելից, Գերմանիայից, Հունաստանից, Ղազախստանից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և այլ երկրներից:
Երևանյան 12 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 50 ներկայացում:
Նա նշեց, որ թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, տիկնիկային, ֆիզիկական, շարժման, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ:
Փառատոնի հյուրերը կանցկացնեն վարպետության դասընթացներ:
Փառատոնի նշանավոր ներկայացումներից են «Չի Տուլա Լիմնիոս» թատրոնի «Տեմպուս ֆուգիտ» (Գերմանիա), «Կանդոկո» թատրոնի «Դու և Ես Գիտենք» (Մեծ Բրիտանիա) ներկայացումները:
Երևանյան թատրոններից «Հայ ֆեստ»-ի հիմնական ծրագրում հանդես կգան Հ. Թումանյանի անվան տիկնիկային, Կամերային, «Փոքր» և «Միհր» թատրոնները:
Փառատոնը կբացվի Սուխումիի դրամատիկ թատրոնի «Յակիշ և Պուպչե» (Վրաստան) ներկայացումով՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում (բեմադրիչ՝ Դավիթ Սակվարելիձե):
Ա. Ղուկասյանը նաև տեղեկացրեց, որ հոկտեմբերի 6-8-ը Երևանում կկայանա IETM (Կատարողական արվեստի միջազգային ցանց)-ի «Քարավան Թբիլիսի-Երևան 2017» հանդիպումը: Նրանց նպատակն է նպաստել հայ ժամանակակից կատարողական արվեստին, ինչպես նաև ընտրել գործընկերներ հետագա համագործակցության համար:
Արտասահմանյան ներկայացումների մուտքը կլինի ազատ:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում