Դեսպանները՝ Հայաստանի նոր նախագահի երդմնակալության արարողության մասին
«Սա շատ կարևոր օր է և ես ուրախ եմ այստեղ ներկայացնել Միացյալ Թագավորությունը՝ որպես Բրիտանիայի ԱԳ նախարար։ Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ունեն ամուր կապեր և լավ հարաբերություններ, մենք ցանկանում ենք ավելի սերտացնել այդ կապերը»,- Ապրիլի 9-ին՝ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունից հետո Panorama.am- ի հետ զրույցում հայտնեց Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով նախարար, Խորհրդարանի անդամ Ալան Դունկանը։
Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին իր հերթին կարևորեց երդմնակալության արարողությունը՝ «Հայաստանի` որպես "հարուստ ավանդույթներով հինավուրց երկրի համար, որն այսօր վայելում է իր անկախությունն ու երդմնակալում իր նոր նախագահին»։
«Ցանկանում եմ շնորհավորել ողջ հայ ժողովրդին երկրի նոր նախագահի երդմնակալության կապակցությամբ: Սա լավ ժամանակ է թե հայ ժողովրդի և թե իշխանության համար, որպես նոր սկիզբ երկրի բարգավաճման համար »,- Panorama.am- ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էիջի Թագուչին։