Բաքուն ի պատասխան Ֆրանկոֆոնիայի բանաձևի՝ հայտարարություն է տարածել Ղարաբաղի վերաբերյալ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հատուկ հայտարարություն է տարածել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ՝ հույս հայտնելով, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նոր կառավարությունը «կհասկանա Ադրբեջանի գրավյալ տարածքներից զինված ուժերի դուրս բերման անհրաժեշտությունը», այս մասին հայտնում է regnum-ը։
«Հույս ունենք, որ ընտրություններից հետո Հայաստանի նոր կառավարությունը կհասկանա, որ երկրի կայուն զարգացման համար չկա այլ ուղի, բացի Ադրբեջանի գրավյալ տարածքներից իր զորքերի դուրս բերումը»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։
Այս հայտարարությամբ, ըստ «Интерфакс»-ի, Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովում ընդունված բանաձևին, որտեղ կետ կա ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:
«Հայաստանը պետք է վերջ դնի միջազգային հանրությանը խաբելու իր անհաջող փորձերին, կատարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ու Հելսինկյան եզրափակիչ ակտի իր հանձնառությունները ու դուրս բերի իր զորքերը Ադրբեջանի գրավյալ տարածքներից»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Նշենք, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում ընդունված Երևանյան հռչակագրում անդրադարձ կա հակամարտություններին։ Մասնավորապես 19-րդ կետում ասվում է, որ «Համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքներին՝ մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը՝ ֆրանկոֆոն տարածքում ճգնաժամերի և հակամարտությունների խաղաղ կարգավորմանը՝ մասնավորապես միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափերի շրջանակներում, բոլոր իրավիճակներում երկխոսությանը, և միջնորդությանը՝ այդ ճգնաժամերի և հակամարտությունների բանակցված կարգավորմանը հասնելու համար, աջակցում ենք հակամարտությունների կանխարգելման ու լուծման գործընթացում կանանց աճող դերակատարմանը»։
Գագաթնաժողովին ընդունվել է նաև առանձին բանաձև Ճգնաժամերի, ճգնաժամերից դուրս գալու ու խաղաղության կոնսոլիդացիայի վերաբերյալ։
Բանաձևում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մասում ասվում է․ «Վերահաստատում ենք մեր աջակցությունը Մինսկի խմբի համանախագաների ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման համար ու հիշեցնում ենք, որ երկարատև խաղաղությունը պահանջում է բոլոր կողմերի անկեղծ ներգրավումը գործընթացում՝ համանախագահների առաջարկությունների հիման վրա»։
Կոչ է արվում հակամարտության բոլոր կողմերին մեղմել լարվածությունը, ամբողջությամբ հարգել հրադադարի ռեժիմը, խուսափել լարվածություն առաջացնող բանավոր հայտարարություններից՝ խաղաղության մթնոլորտ սստեղծելու ու նախկին համաձայնությունները իրականացնելու համար։
Կոչ է արվում վերսկսել բանակցությունները՝ հակամարտությանը խաղաղ կարգավորում գտնվելու համար՝ հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների վրա՝ ներառյալ ուժի կամ սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը, իրավունքների հավասարությունն ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ