Դնել Հայաստանից փոխկախվածության մեջ
Վերջին շրջանում Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները ուշագրավ են հատկապես նրանով, որ հարևան երկիրը մեծ ծավալներով գազ է գնում մեր ռազմավարական դաշնակցից։ Բացի այդ՝ ժամանակ առ ժամանակ շոշափվում է ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության թեման։ Ռուս-ադրբեջանական միջխորհրդարանական համագործակցության խմբի ղեկավար Ալի Հուսեյնովը, մասնավորապես, ավելի վաղ հայտարարել էր, որ «աշխարհագրական այս նոր պայմաններում կարելի է դիտարկել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի մասնակցության հարցը»։
Թե ինչ է փոխվել ռուս-ադրբեջանական հարաբերություններում և արդյոք վերոնշյալ հանգամանքները ՌԴ բիզնես շահի դրսևորում են, թե ՀՀ արտաքին քաղաքականության արդյունք, թեմայի շուրջ Panorama.am-ի թղթակիցը խոսեց վերլուծաբան Թևան Պողոսյանի հետ։
Վերջինս նկատեց, որ հայկական կողմ, անշուշտ, բացթողումներ ունի և միջազգային հարթակներում պետք է առավել համակարգված աշխատանքներ իրականացնի։
«Պետք է հասկանալ՝ արդյոք Հայաստանը բավարար ջանքեր գործադրե՞լ է, որպեսզի որևէ երկիր չմտածի, որ Ադրբեջանի հետ հարաբերույթուններն ավելի կարևոր են, քան Հայաստանի հետ հարաբերությունները։ Մեր մեղքն այն բանի մեջ է, որ Հայաստանն այսօր աշխարհի հզոր երկրներից չէ։ Սա ամբողջովին մեր մեղքն է, մեր՝ ոչ բավարար ջանքերի, շատ ժամանակ՝ ոչ ճիշտ ջանքերի հետևանք։ Պետք է հասկանալ՝ ի՞նչ անել, որպեսզի Հայաստանը և Ռուսաստանն ավելի ջերմորեն համագործակցեն, հարաբերություններն այնքան բարալավեն, որ դրանից հետո Ռուսաստանն այլ երկրի հետ հարաբերություններ ձևավորելիս միշտ մտահոգվի՝ արդյոք դա դուր կգա Հայաստանին։
Այսօր Ադրբեջանին ամեն կերպ հայտարարում է, որ հայերն իր թշնամիներն են, և ինքը պատերազմի մեջ է գտնվում։ Այդ երկիրն ամեն ինչ անելու է, որպեսզի նաև դիվանագիտական հարթանակաում հաղթանակ տանի։ Դրա համար նա անելու է ամեն ինչ՝ խորհրդարանական վեհաժողովներում, միջազգային կազմակերպություններում, անգամ սպորտի և մշակույթի բնագավառներում»,- համոզմունք հայտնեց Թևան Պողոսյանը՝ հավելելով, որ Հայաստանն իր հերթին պետք է անի ամեն ինչ՝ պաշտպանելու սեփական շահերը, թույլ չտալու, որ ՌԴ-ն Ադրբեջանի հետ հարաբերություններ զարգացնի իր հաշվին։
Մյուս կողմից, ըստ վերլուծաբանի, անթույլատրելի է, որ երրորդ կողմը խառնվի երկու երկրների հարաբերություններին, այնպես ինչպես չի կարելի խառնվել, ասենք ամերիկաիսրայելական հարաբերութուններին։
«Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները պայմանավորված են երկու երկրների ղեկավարների՝ իրենց շահերը տեսնելու հանգամանքով։ Նրանք ծրագրեր են կյանքի կոչում»,- ասաց Թևան Պողոսյանը։
Ամփոփելով՝ վերլուծաբանը կրկին շեշտեց՝ պետք է հասնել նրան, որ բոլոր երկրներն այն աստիճանի փոխկախվածության մեջ հայտնվեն Հայաստանից, որ երրորդ երկրի հետ քայլ անելիս մտածեն՝ արդյոք դրանով չե՞ն վնասում Հայաստանին։