Համերգ՝ նվիրված Արշիլ Գորկու 110 և Երվանդ Քոչարի 115-ամյակներին
Հոկտեմբերի 30-ին Արամ Խաչատրյան համերգասրահի նախասրահում էկրանների վրա ցուցադրվել են Արշիլ Գորկու և Երվանդ Քոչարի ստեղծագործությունները։ Առիթը Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի շրջանակներում համերգն էր, որը նվիրված էր աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու 110 և անվանի նկարիչ-քանդակագործ Երվանդ Քոչարի 115-ամյակներին։ Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես եկան ջութակահար Նին Ֆենը (Չինաստան) և դիրիժոր, կոմպոզիտոր Ֆու-Տոնգ Վոնգը (Չինաստան)։
Համերգային ծրագրում՝ Պյոտր Չայկովսկի՝ Տոնական նախերգանք՝ Դանիայի ազգային հիմնի թեմաներով (հայաստանյան պրեմիերա), Պյոտր Չայկովսկի՝ Ջութակի կոնցերտ, մենակատար՝ Նին Ֆեն, դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան, Ֆու-Տոնգ Վոնգ՝ Սիմֆոնիա Condor Heroes (հայաստանյան պրեմիերա), դիրիժոր՝ Ֆու-Տոնգ Վոնգ։ Այս մասին հայտնում է ՀՊԵՆ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Նին Ֆենը աշխարհում մեծ ճանաչում ունեցող ջութակահար է։ Նա Հայաստանի պետական երիտասարդական նավագխմբի հետ համագործակցության փորձ արդեն ունի։ Հայաստանում է 3-րդ անգամ։ Նին Ֆենը սովորել է Սիչուանի կոնսերվատորիայում և Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիայում։ Բազում մրցույթների դափնեկիր Նին Ֆենը նաև 2006թ. Պագանինիի անվան միջազգային մրցույթի հաղթող է։ Նրա վերջին համագործակցություններից կարել է առանձնացնել Բուդապեշտի փառատոնային նվագախմբի, Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի, Հոնկոնգի ֆիլհարմոնիկի, Բեռլինի կոնցերտհաուսի նվագախմբի հետ ելույթները։ 2014-2015 համերգաշրջանում Նին Ֆենը Հոնկոնգի ֆիլհարմոնիկի հետ կմեկնի հյուրախաղերի Եվրոպա, առաջնաելույթ կունենա Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկի հետ։
Ֆու-Տոնգ Վոնգը ավարտել է Քենթի պետական համալսարանը (ԱՄՆ)։ Նա դասավանդում է ջութակ, ներկայանում է նաև որպես կոմպոզիտոր և դիրիժոր։ Դասավանդել է Թայվանի Արվեստի ազգային ինստիտուտում, իսկ 1983-ին հանդես եկել որպես United Experimental նվագախմբի կոնցերտմայստեր։ Ֆու-Տոնգ Վոնգը եղել է Թայվանի տեխնոլոգիական համալսարանի երաժշտության ֆակուլտետի պրոֆեսոր։ Գրել և հրատարակել է վոկալ և նվագախմբային բազում ստեղծագործություններ։ Վոնգի աշխատանքները կատարվում են ամբողջ աշխարհում։
Չինացի երաժիշտները բարձր են գնահատել Արամ Խաչատրյանի արվեստը և այն փաստը, որ Հայաստանում անցկացվում են խաչատրյանական փառատոներ։
Նշենք, որ Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնը կյանքի է կոչվել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և ՀՀ մշակույթի նախարարության ջանքերով։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ