Հոբելյանական տարի՝ Ռուսական արվեստի թանգարանի համար
Ռուսական արվեստի թանգարանի (Ա.Աբրահամյանի հավաքածու) հիմնադրան 35 և բացման 30-ամյա հոբելյանների նվիրված փետրվարի 13-ին թանգարանում տեղի կունենա միջոցառում: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին թանգարանի հանրահռչակման բաժնից:
«Ռուսական արվեստի թանգարանը (Ա.Աբրահամյանի հավաքածու)» հիմնադրվել է 1980 թ. սոցիալիստական աշխատանքի հերոս, համամիութենական ուրոլոգիական ընկերության նախագահ, Ուրոլոգների միջազգային ընկերության փոխնախագահ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Մոսկվայի պատվավոր քաղաքացի պրոֆ. Արամ Աբրահամյանի և նրա տիկնոջ՝ Մարիա Աբրահամյանի մասնավոր հավաքածուի հիման վրա: Այցելուների համար թանգարանը բացվել է 1984 թվականին:
Այս հավաքածուն, մտնելով Հայաստանին պատկանող գեղարվեստական արժեքների ոլորտը, դարձնում է Երևանը այն քաղաքներից մեկը, ուր ռուսական արվեստը ներկայանում է իր ականավոր վարպետների ստեղծագործություններով չափազանց վառ ու ցայտուն: Պրոֆեսոր Աբրահամյանը հավաքել է երկու դարերի սահմանաեզրի ռուսական այն նկարիչների ստեղծագործություններըը, որոնք հետագայում ճանաչվեցին որպես համաշխարհային արվեստի նշանավոր վարպետներ:
Թանգարանում ցուցադրված են գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակագործության, դեկորատիվ-կիռարական արվեստի և բեմական ձևավորման այնպիսի արվեստագետների ստեղծագործություններ, ինչպիսիք են Վ. Սերովը, Կ. Կորովինը, Մ. Վրուբելը, Մ. Նեստերովը, Ա. Բենուան, Զ. Սերեբրյակովան, Բ. Կուստոդիևը, Ա. Գոլովինը, Ե. Լանսերեն, Մ. Վոլոշինը, Կ.Պետրով- Վոդկինը, Ն. Ռեյրիխը, Ռ. Ֆալկը, Պ. Կոնչալովսկին, Մ. Սարյանը, Պ. Կուզնեցովը, Ա. Լենտուլովը, Ս. Սուդեյկինը, Ա. Տիշլերը և ուրիշները:
Հեղինակներից շատերը ներկայացված են թանգարանում ստեղծագործական ըստ այն խմբավորումների, որոնց անդամներն էին իրենք, ինչպես, օրինակ, հանրահայտ «Միր Իսկուստվա», «Գոլուբայա Ռոզա», «Բուբնովի Վալետ», «Օսլինի Խվոստ», «Ռուս նկարիչների միություն» և այլն:
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը իր նշանակությամբ, ցուցադրված գործերի լայն ընդգրկումով և իրականացվող գիտա-կրթական ու ցուցադրական գործունեությամբ կարող է հավակնել շատ կարևոր տեղի ռուսական մշակույթի ուսումնասիրության համաշխարհային կենտրոնների թվում:
«Ես գիտեմ, թե Հայաստանում ինչպես են սիրում և հասկանում ռուսական մեծ մշակույթը: Գիտեմ և դրա համար իմ հավաքածուն նվիրում եմ Երևանին»,- ասել է պրոֆեսոր Արամ Աբրահամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ