«Չորս թև, չորս լույս, չորս քերովբե…», «Կյանք», «Նահատակ հայորդիների հիշատակին»
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում մեկնարկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, որը ներառում է թեմատիկ ցուցադրություններ, ֆիլմերի դիտումներ, հանդիպում-քննարկումներ: Մշակույթի նախարարության տեղեկացմամբ, մարտի 28-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կցուցադրվի կինովավերագրող Գագիկ Հարությունյանի հեղինակային «Գութաներգ» ֆիլմը, որը ստեղծվել է ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարությունների աջակցությամբ: Ֆիլմը ոչ միայն ներկայացնում, այլև վերագնահատում է գութաներգը` հավաստելով մեր օրերում Կոմիտաս վարդապետի կյանքի և ստեղծագործության նշանակությունը:
Ապրիլի 7-8-ը կենտրոնում կբացվի ժողովրդական վարպետ, մանրանկարիչ Էդուարդ Խանոյանի «Չորս թև, չորս լույս, չորս քերովբե…» խորագրով ցուցահանդեսը, որում կներկայացվեն հեղինակի մանրանկար խաչերը:
Ապրիլի 11-ին կցուցադրվի պատմական ու ազգագրական եզակի արժեք ներկայացնող` «Քեսապ» վավերագրական ֆիլմը, որը նկարահանվել է «Յավուրյան» ստուդիայի կողմից` 2009-2010 թվականներին /մինչև սիրիական պատերազմի սկիզբը/: Ֆիլմը ներկայացնում է Կիլիկյան Հայաստանի մշակույթը կրող, ցեղասպանությունը վերապրած և մինչ օրս կանգուն Քեսապը` փոքրիկ հողակտոր, որի վրա ապրող հայը հարատևել է ժողովրդական ստեղծագործությամբ, մշակույթով ու կենցաղով: Ֆիլմի հերոսներից մեկը` Հայոց ցեղասպանությունը վերապրած և 1918 թվականին Քեսապ վերադարձած տիկին Գագլիլիա Մանճիկյանն է, ով պատմում է 1915 թվականի քեսապյան պատմական իրադարձությունների և իրենց փրկության ճանապարհի մասին: Ֆիլմին զուգահեռ կբացվի նաև «Ճանաչենք Քեսապը» խորագրով լուսանկարչակական աշխատանքների ցուցահանդեսը, որը կներկայացնի քեսապցիների կենցաղն ու մշակույթը:
Ապրիլի 18-ին կբացվի սերբահայ գեղանկարիչ, դիզայներ, Բելգրադի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ Անամարիա Վարդապետյանի ստեղծագործությունների` «Կյանք» խորագրով անհատական ցուցահանդեսը, որը կգործի մինչև ապրիլի 25-ը: Ցուցադրությունը կներառի դիմանկարներ, բնանկարներ և նկարազարդումներ, որոնց հիմնական թեման կարոտի և հպարտության զգացումով լեցուն հայրենիքն է: Վերջին 20 տարիներին Անամարիա Վարդապետյանը Սերբիայում և արտերկրում ունեցել է 32 անհատական ցուցահանդես:
Մայիսի 8-ին կենտրոնում կբացվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Մալաթիայի Հայորդաց տան սաների ստեղծագործությունների ցուցահանդեսը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Կցուցադրվի պատանիների ստեղծած խեցեգործության, փայտի գեղարվեստական մշակման, կտորի գեղարվեստական ձևավորման /բատիկա/,մանրանկարչության, գեղանկարչության, քանդակագործության ընտրանին: Ցուցահանդեսի բացմանը կհնչեն նաև շարականներ` «Զարթոնք» մանկապատանեկան երգչախմբի կատարմամբ:
Ապրիլի 22-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի Դիլիջանի մասնաճյուղում կանցկացվի հանդիպում Վանից, Իգդիրից և Էրզրումից գաղթած, ցեղասպանությունը վերապրած և Դիլիջանում բնակություն հաստատած ընտանիքների ժառանգների հետ: Միջոցառումը կկրի «Նահատակ հայորդիների հիշատակին» խորագիրը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ