Հայաստանում անցկացվելու է հայ-վրացական ժամանակակից երաժշտության փառատոն
Հուլիսի 9-11-ը Հայաստանում կանցկացվի հայ-վրացական ժամանակակից երաժշտության փառատոնը:
Կոմպոզիտորների միության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ երեք համերգային օրերի ընթացքում կհնչեն Օտարի Տատաշվիլիի, Կախա Ցաբաձեի, Գեորգի Շավերզաշվիլիի, Զուրաբ Նադարեյշվիլիի, Օմար Մինդորաշվիլիի, Իրակլի Ցինցաձեի, Վաժա Ազարաշվիլիի և Մակա Վիրսալաձեի կամերային ստեղծագործություններից՝ հայ երաժիշտների կատարմամբ:
Թվարկված վերջին երեք հեղինակները Վրաստանից ժամանող պատվիրակության հետ ներկա կգտնվեն համերգներին: Հայ հեղինակների ստեղծագործություններն էլ այս նախագծի շրջանակներում կհնչեն Վրաստանում:
Հայաստանի Կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ու Վրաստանի Կոմպոզիտորների միության հետ համատեղ տեղի ունեցող այս նախագիծը կկայանա Հանրապետության երեք քաղաքներում՝ Դիլիջանում, Գյումրիում և Երևանում:
«Այս նախագիծը կնպաստի երկու բարեկամ երկրների երաժշտության տարածման գործընթացի զարգացմանը: Կոմպոզիտորների Միությունը շարունակում է իր որդեգրած սկզբունքներով առաջնորդվել և ստեղծել երաժշտական կամուրջներ աշխարհի տարբեր երկրների միջև»,- ասում է ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանը:
Համերգների մուտքն ազատ է:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ