Նկարիչ Մուշեղ Մխիթարյանը «Դար ապրած լռություն»-ը խախտել է (լուսանկարներ)
«Դար ապրած լռություն»: Այսպես է Հայաստանի Նկարիչների միությունում բացված նկարիչ Մուշեղ Մխիթարյանի ցուցահանդեսի խորագիրը: Ցուցահանդեսը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Panorama.am-ի հետ զրույցում Մուշեղ Մխիթարյանն ասաց. «Ցուցահանդեսը կառուցված է երեք հիմնական մասերից՝ ակունք, փորձություն, վերածնունդ: Հիմնական շեշտը դրված է վերածննդի վրա, քանի որ մենք կանք, ապրում ենք, ստեղծագործում ենք, ունենք պետություն, մշակույթ, որը պետք է զարգացնենք: Մենք հարուստ ժողովուրդ ենք, գանձեր ունենք, բայց նստել ենք այդ գանձերի վրա և կեղծ արժեքներով ենք ապրում: Ցուցահանդեսի հիմնական նպատակն է հայի մեջ հայն արթնացնել: «Մհերի զարթոնք» աշխատանքը հենց դա է նշանակում՝ ամեն հայի մեջ Մհերը քնած է և պետք է արթնանա: Հենց Մհերն արթնանում է, հաղթանակած ենք դուրս գալիս: Փայլուն ապացույցն է՝ ազատագրված Արցախը: Այդ աշխատանքն ուղեկցվում է՝ «Գեղ կանգնի, գերան կկոտրի» ասացվածքով, այսինքն եթե լինենք միասնական, հավատարիմ մեր հավատքին, մշակույթին, մեզ ոչ մի թշնամի չի կարող վնասել»:
Ցուցահանդեսում ներկայացված է 54 աշխատանք: Մեր նախնիներից մեզ հասած ասույթներն ուղեկցում են դիտողին ողջ ցուցահանդեսի ընթացքում:
«Այս ասույթների մի մասը տատերիցս, պապերիցս եմ լսել, մի մասն էլ ես եմ հավաքել տարբեր աղբյուրներից»,- ասաց նկարիչը:
Մ. Մխիթարյանի պապերը գաղթել են Արևմտյան Հայաստանից` Մուշից և Կարսից:
Ցուցասրահ մտնելով՝ այցելուն նախ կարդում է. «Զարմանալի մարդիկ են եղել մեծ մեծերը, անցել են դժոխքի միջով և չեն կորցրել իրենց մարդկային կերպարանքը: Անսահման կորուստը սրտներում, կարողացել են ոտքի կանգնել, սերունդ կրթել, փոխանցել հազարամյակներով հղկված ավանդույթը, նիստն ու կացը, մարդասիրությունը,…: Աստված մեզ էր զորացնի, որ չապրենք կեղծ արժեքներով, ճանաչենք ինքներս մեզ, պահենք ու պահենք մեր սուրբ լեզուն, մտածենք և խոսենք հայերեն, …: Քայլենք մեր առաքինության ուղիով՝ արմատը դեպի ակունք, սաղարթը՝ դեպի վերև»:
«Մենք մեր անցած ճանապարհից, մեր նախնիների անցած ճանապարհից պետք է քաղենք լավ ու վատ դասերը, իմանանք դրանց մասին, խրատը մեջներս պահենք, որ երկրորդ անգամ նույն ցեխը չընկնենք: «Էշը, որ մի տեղով անցավ ցեխն ընկավ, երկրորդ անգամ այդ տեղով չի անցի»: Այս ամեն ինչը մեզ ուսանելու համար է, իրենց փորձը մեզ փոխանցելու համար է: Եթե լսենք, գիտակցենք, դառնանք դրանց կրողը, երկրորդ անգամ այդ փոսը, այդ ցեխը չենք ընկնի»,- համոզված է նկարիչ Մուշեղ Մխիթարյանը:
Ցուցահանդեսը գործելու է մինչև հոկտեմբերի 12-ը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ