Գերմանացի վերականգնող. Արծաթակազմ ձեռագրեր միայն Հայաստանում ենք տեսել
Գերմանացի վերականագնողներ Ռոբերտ Շտեհլեն և Մարգրեթ Յաշկեն 15 տարվա ընթացքում վերականգնել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող մոտ 200 արծաթակազմ ձեռագրեր՝ մեծ մասամբ Հայոց ցեղասպանության տարիներին փրկված: Մարգրեթ Յաշկեն լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց համար կարևոր էր լինել Հայաստանում և վերականգնել հայկական ձեռագրերի արծաթե կազմերը:
«Շատ հետաքրքիր են այդ կազմերը, նաև հետաքրքիր էր աշխատել այդ կազմերի վրա: 220 գիրք ենք վերականգնել»,- նշեց նա:
Գերմանացի մասնագետի խոսքով, աշխարհի որևէ այլ երկրում նմանատիպ կազմեր չեն հանդիպել: Առհասարակ, ըստ նրա, հայկական ձեռագրերը շատ տարբեր են, հայկական մանրանկարչությունը յուրահատուկ է, Եվրոպայում չգիտեն, որ այդպիսի բան կա:
Մարգրեթ Յաշկեն նշեց, որ 100 ձեռագրի կազմի վերականգնումից հետո իրենք գիրք են հրատարակել (գերմաներեն)՝ մանրամասն ներկայացնելով ինչպիսին են կազմերը, ինչպես պետք է վերականգնել: Բացի այդ, 15 տարի շարունակ աշխատելով Մատենադարանում, Մատենադարանի վերականգնման բաժում ձևավորվել է արծաթե կազմերի վերականգնման բաժին:
Մատենադարանի տնօրենի խորհրդական, «Հիշողության կերպարանքները» 5-րդ միջազգային գիտաժողովի գլխավոր համակարգող Արա Խզմալյանը չափազանց կարևորեց այդ բաժնի ստեղծումը, ինչպես նաև գերամանցի վերականգնողների ստեղծած գիրքը:
«Այն հսկայական մեթոդական նշանակություն ունի, հրատարակվելու է տարբեր լեզուներով»,- նշեց նա:
Երևանում ընթացող «Հիշողության կերպարանքները» 5-րդ միջազգային գիտաժողովի ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մշակույթի նախարարության «Ոսկե մեդալով» պարգևատրեց գերմանացի վերականգնողներ Ռոբերտ Շտեհլեին և Մարգրեթ Յաշկեին՝ Մատենադարանի արծաթակազմ ձեռագերերն անհատույց նորոգելու, մեծարժեք ձեռագրերի միջազգայնացման գործում ունեցած մեծ ավանդի, հայ մշակույթին մատուցած նշանակելի ծառայությունների համար:
Նախորդող հրապարակումներ՝
Մատենադարանում ընթանում են մեծադիր ձեռագրերի վերականգնման աշխատանքները
Ցեղասպան ջարդարարներից փրկել ենք նաև իրենց մշակույթը. Հրաչյա Թամրազյան