«Կենդանի զարդերը»՝ տնտեսական մեծ թռիչքի հնարավորություն
«Լույս» հիմնադրամի ու ֆրանսիացի մասնագետների նախաձեռնությամբ Գյումրիում ստեղծված աշխարհում առաջին «կենդանի զարդերի» շնորհիվ քաղաքը կարող է դառնալ համաշխարհային շուկայում ոլորտի ապրանքաշրջանառության առաջատար կենտրոն: Սա վստահեցնում են ծրագրի նախաձեռնողները: «Հայաստանը՝ գիտելիքի հանգրվան» խորագրով հանդիպմանը մանրամասն ներկայացվեցին Հայաստանի զարգացման հեռանկարները:
«Լիվինգ արտ լաբս»-ի հիմնադիր տնօրեն Ֆորան Ազիոսմանովը կարծում է, որ ծրագիրը Գյումրիին մեծ թռիչքի հնարավորություն կտա. «Մի դաշտ է, որ նոր է աշխարհի համար, այս կենդանի զարդերը կօգնեն զարգացնել տեղի արվեստն ու արհեստը, համակցել անհամատեղելի թվացող ոլորտներ: Դրանց շնորհիվ կզարգանա Գյումրու տնտեսությունը և դրական ազդեցություն կունենա նաև առհասարակ Հայաստանի տնտեսության վրա»:
Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ արդեն հինգ տարի է, ինչ աշխատում են «կենդանի զարդերը» Հայաստան բերելու ուղղությամբ: Ծրագիրը կյանքի կոչելու համար փնտրել ու հենց Գյումրում էլ գտել են մասնագետներին. զարդերը նախագծել, մշակել և իրագործել են գյումրեցի արվեստագետները, արհեստագործները և ծրագրավորողները։
«Կենդանի զարդերը կազմվում են միկրոտրոնիկ սարքերի միջոցով, իսկ դրանից հասկացող մարդիկ քիչ էին: Հիացած եմ, որ բոլոր ոլորտներում մասնագետներ գտանք, քանի որ այս ամենը կյանքի կոչելու շուրջ կարող են աշխատել մեծ թիմեր և այդպես էլ հաջողության չհասնել»,- ասաց Ֆորան Ազիոսմանովը:
«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը նկատեց, որ թեև Հայաստանը փոքր է, բայց մեծ պատմությունով, ստեղծագործ, իսկ այսօրվա տնտեսության մեջ ամենակարևոր հարցն այն չէ, թե որքան մեծ է երկիրը, այլ այն, թե որքան ստեղծագործ է:
Նա նկատեց, որ այս ամենի ապացույցը հենց իրականացված ծրագիրն է: Ժաքլին Կարաասլանյանը հավելեց, որ «Լույս» հիմնադրամի ուսանողները, կրթություն ստանալուց հետո վերադառնալով, մտածում են, թե ինչպես իրենց գիտելիքը կարող է գործել այս հասարակության համար:
«Այսօր ներկայացնում ենք Գյումրին, բայց իրենք աշխատել են 7 տարբեր վայրերում, որոնք շատ հարուստ են և մեծ պոտենցիալ ունեն: Երբ գիտելիքը, տեխնոլոգիան մերվում են ներքին ուժին, մենք կարող ենք ստեղծագործ լինել, իսկ գիտելիքի նպատակը հենց նոր ստեղծագործ աշխատանք հայթհայթելն ու աշխարհին ներկայացնելն է»,- ասաց նա:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի խոսքով, երբ ստեղծվում էր հիմնադրամը, պարզ չէր, թե ինչ ընթացք է ունենալու և այն ժամանակ միայն 8 մարդ հնարավորություն ուներ կրթություն ստանալու:
«Լրջորեն զարմացած էինք, որ երբ հնարավորություն է տրվում, միանգամից դրանից օգտվում են: Ունեն մեծ երազանքներ, ձգտումներ և կարողանում են մեծ հաջողությամբ ընդունվել լավագույն համալսարաններ: Տարեց տարի այդ թիվը երկրաչափական պրոգրեսիայով աճում է»,- ասաց նա:
Վիգեն Սարգսյանը նշեց, որ իրենք առաջնորդվում են ոչ թե մասնագիտությամբ, այլ բուհերով և ընդրում են աշխարհի լավագույն բուհերի 10-նյակը, կրթության համար ֆինանսավորում տրամադրվում է այն բուհերում, որոնք աշխարհը համարում է լավագույնը:
Նշենք նաև, որ նախաձեռնողները «կենդանի զարդերի» միջոցով նպատակ ունեն Գյումրու մշակութային խորարմատ ավանդույթները վերափոխելու ժամանակակից տնտեսության:
Հարակից նյութեր՝
ՀՀ նախագահը` «Լույսի» կրթաթոշակառուներին. Որ երկրի քաղաքացի էլ լինեք` պարտավոր եք ապրել Հայաստանում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան