Նախարար. Հայաստանում էականորեն նվազել են մանկական և մայրական մահացության ցուցանիշները
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է Ուկրաինայի բժշկական գիտությունների ակադեմիայի Մանկաբուժության, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի նեոնատոլոգիայի բաժնի վարիչ, Ուկրաինայի Նեոնատոլոգների ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Տատյանա Զնամենսկայային: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:
Առաջատար մասնագետը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 3-ին արտամարմնային բեղմնավորման ժամանակակից խնդիրներին նվիրված գիտագործնական համաժողովին մասնակցելու նպատակով:
Արմեն Մուրադյանը նշել է, որ այդ ձևաչափի հանդիպումները լավ հնարավորություն են մասնագիտական փորձի, գիտելիքների փոխանակման համար: Նա առաջարկել է սերտացնել երկու երկրների մասնագիտական միավորումների համագործակությունը:
Ներկայացնելով մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում մեր երկրի արձանագրած հաջողությունները` նախարարը շեշտել է, որ Հայաստանում էականորեն նվազել են մանկական և մայրական մահացության ցուցանիշները:
Տատյանա Զնամենսկայան նշել է, որ Հայաստանի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի հետ իրենց համագործակցությունը տարիների փորձ ունի:
Նրա խոսքով, իր ղեկավարած ասոցիացիան ունի մոտ 2000 անդամ: Կառույցի հիմնական նպատակը մայրերին ու նորածիններին ցուցաբերվող բժշկական օգնության բարելավումն է, հատկապես՝ 1 կգ քաշով լույս աշխարհ եկած նորածինների:
Պրոֆեսորի գնահատմամբ` Հայաստանի մասնագետները լուրջ գիտելիքներ ունեն այս ոլորտում և քննարկումները հնարավորություն կտան բացահայտելու նոր մոտեցումներ և մշակելու առաջիկա ծրագրեր:
Հանդիպմանը ներկա են եղել մոր և մանկան ոլորտի հայաստանյան առաջատար մասնագետներ: Անդրադարձ է կատարվել նեոնատոլոգիայի ոլորտում բժշկության ներկայիս նվաճումների ուսումնասիրման անհրաժեշտությանը, հասարակության լայն շրջանում նորածնային բժշկության վերաբերյալ գիտելիքների մակարդակի բարձրացմանը, առողջապահական արդիական այլ հարցերի:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ