Թուրքիայի վարչապետը դժգոհել է Մեծամորի ատոմակայանից
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է Թուրքիայի ատոմային էներգիայի գործակալության (TAEK) Անկարայում հիմնած պրոտոնային արագացուցչի կայանի բացման արարողությանը և հանդես եկել ելույթով:
Ըստ թուրքական «Anka» (Անկա) լրատվական գործակալության` Էրդողանը տեղեկացրել է, որ մինչև 2023 թվականը թուրքական կառավարությունը ծրագրել է երկրում կառուցել 3 ատոմակայան: Առաջին ատոմակայանը կառուցելու են Մերսինում ռուսների հետ համատեղ, երկրորդը` Սինոպում ճապոնացիների հետ համատեղ, իսկ երրորդի կառուցման շուրջ դեռևս բանակցություններ են ընթանում Հարավային Կորեայի, Չինաստանի և Կանադայի հետ:
Թուրքիայի վարչապետն անդրադարձել է նաև Հայաստանի ատոմակայանի թեմային` հերթական անգամ դժգոհելով դրա առկայությունից և խոստանալով միջազգային հարթակներում բարձրացնել այդ ատոմակայանի վտանգավորության հարցը: Էրդողանը մասնավորապես ասել է, որ Իգդիրի սահմանից ընդամենը 16կմ հեռավորության վրա գտնվող հայկական ատոմակայանը 32 տարեկան է, չի համապատասխանում անվտանգության ապահովման արդի նորմերին և վտանգ է ներկայացնում Թուրքիայի համար:
Հիշեցնենք, որ Մեծամորի ատոմակայանը նախագծվել է 1960-ական թվականներին, կառուցվել`1970-ականներին: Այնտեղ անընդհատ կատարվում են անվտանգության ապահովման միջոցառումներ, որոնք իրականցվում են Միացյալ Նահանգների, Եվրամիության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեխնիկական աջակցությամբ: Մասնագետների գնահատմամբ` հայկական ատոմակայանի սեյսմիկ անվտանգությունն այնպիսի բարձր մակարդակի վրա է, որ տարածաշրջանում հնարավոր առավելագույն երկրաշարժի դեպքում անգամ չի վնասվի նրա անվտանգության համակարգերը, որևէ ռադիացիոն արտանետում տեղի չի ունենա:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին