Երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի. Արման Նավասարդյան
«Սաուդյան Արաբիայի` Սիրիա զորքեր մտցնելով չեմ կարծում, որ լուրջ փոփոխություններ կլինեն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար Արման Նավասարդյանը:
Ինչ վերաբերում է Թուրքիային, ըստ Նավասարդյանի, նա փորձում է աշխուժանալ սահմանին, աշխարհին ասելով՝ պետք է ընտրություն կատարեք քրդերի ու մեր մեջ:
«Ժնևյան բանակցությունների չկայանալուց հետո, նախօրեին տեղի ունեցավ Քերի-Լավրով հանդիպումը, որով որոշվեց, որ մարտի մեկից կրակը դադարեցվում է, բայց դա չի վերաբերում «Իսլամական պետությանը», խոսքը գնում է օպոզիացա-կառավարություն առճակատմանը»,-նշեց նախկին փոխնախարարը:
Նա նկատեց, որ դրությունը մնում է շատ լարված և այդպես էլ կշարունակվի. «Այս ամբողջ ֆոնին պտտվում է հռետորական մի հարց՝ մեծ պատերազմ կլինի՞, թե՝ ոչ: Ես համամիտ եմ այն վերլուծաբանների հետ, որոնք ասում են, որ խնդիրը դրան չի հասնի, երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի, բայց և չի էլ դադարի այս վիճակը, համենայն դեպս, սրա վերջը չեմ տեսնում»:
Անդրադառնալով Հայաստանին՝ Ա. Նավասարդյանն ընդգծեց` իմանալով, թե մենք ում հետ գործ ունենք, ի դեմս Թուրքիայի և Ադրբեջանի, պետք է պատրաստ լինենք, որ կլինեն սադրիչ գործողություններ:
Խոսելով ՌԴ Պետդումայի պատգամավորների` ՌԴ նախագահին արած առաջարկից՝ չեղարկել Մոսկվայի 1921-ի մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագիրը, նշեց, որ դա ունիկալ փաստաթուղթ է և դրա չեղարկման մասին խոսք է գնացել նաև 1945 թվականին. «Մենք այդ պայմանագրի հետ ոչ մի կապ չունենք և դա Հայաստանին ոչինչ չի տա»:
Ռուս-թուրքական հարաբերությունների պատերազմ սկսելու բոլոր սեգմենտները կան և դրանք շատ ավելի խորն են, քան մենք գիտենք. «Ամերիկան կատեգորիկ դեմ է, որ Թուրքիան գնա պատերազմի, իսկ Ռուսաստանի՝ տարածաշրջանի աշխուժացումով Թուրքիան սկսեց վերադառնալ այնտեղ, որտեղից որ եկել էր»:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան