Կոնսերվատորիայի ուսանողները հանդես են գալու «Այ Քալչեր Օրկեստրա»-ի ելույթների ժամանակ
«Այ Քալչեր Օրկեստրա» (I, CULTURE Orchestr) միջազգային նախագծի ներկայացուցիչները Երևանում են: Այսօր, և ևս երկու օր, նրանք վարպետության դասընթացներ են անցկացնելու Երևանի պետական կոնսերվատորիայում,- Panorama.am-ին ասաց կոնսերվատորիայի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արմինե Սուքիասյանը:
Նա նշեց, որ Երևան են ժամանել Լոնդոնի Թագավորական Ակադեմիայի պրոֆեսոր Սամյուել Քոուլզը և Շոտլանդիայի Թագավորական կոնսերվատորիայի լարային գործիքների ֆակուլտետի դեկան Դեվիդ Ուոտքինսը:
5 տարի առաջ Լեհաստանի Ադամ Միցկևիչ համալսարանում ստեղծված նվագախումբի կազմում են Լեհաստանի և Արևելյան գործընկերության երկրների (Հայաստան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ադրբեջան և Ուկրաինա) տաղանդավոր երիտասարդ երաժիշտները։
Ա.Սուքիասյանի խոսքով. «Ամեն տարի «Այ Քալչեր Օրկեստրա» միջազգային նախագիծը լսումներ է անցկացնում, որի արդյունքում ընտրվում է նվագախմբի կազմը, որը ելույթներով տարվա մեջ մեկ ամիս շրջագայում է աշխարհի տարբեր երկրներում: Այս տարի նվագախմբի ելույթները նախատեսված են հոկտեմբերին: Այդ ելույթներին իրենց մասնակցությունն են ունենալու նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները»:
Ս. Սուքիասյանի տեղեկացմամբ, միջազգային նվագախումբն իր հնգամյա պատմության ընթացքում համերգաշարերով հանդես է եկել ամենահեղինակավոր բեմերում Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում և խոշորագույն փառատոներում: Այս տարի նախագծի շրջանակներում կազմակերպվում են նաև ընդլայնված վարպետության դասերի շարք, որը միտված է կատարողների մասնագիտական վարպետության զարգացմանը, ինչը կխթանի 2017 թվականի նվագախմբի համերգաշարի լսումներին: Վարպետության դասերի ընթացքում հնարավորություն կնձեռվի աշխատել հայտնի մասնագետների հետ, ովքեր նաև լավագույն նվագախմբերի առաջատար կատարողներ են:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին