Հայաստանը համալրել է ծերացող երկրների շարքը
Հայաստանը համալրել է ծերացող երկրների շարքը: Այս մասին այսօր՝ Տարեցների միջազգային օրվան նվիրված ասուլիսում ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը:
Նրա խոսքերով՝ 63 տարեկան և բարձր տարիքի մարդկանց թիվը կազմում է բնակչության ընդհանուր թվի 12,9 տոկոսը՝ 387 659 մարդ:
«Սա նշանակում է, որ մենք համալրել ենք ծերացող երկրների շարքը, հնարավոր է, որ մոտ ապագայում արդեն համարվենք ծեր երկիր: Ինչքան էլ ասենք, որ տարեցները մեր հարստությունն են, բայց ծերությունն իր հետ բերում է տնտեսական, սոցիալական խնդիրներ, բացասական հետևանքներ, որոնք իհարկե պետությունը վերցնում է իր վրա»,- նշեց Անահիտ Գևորգյանը:
Տարեցների հետ կապված հիմնահարցերն, ըստ նրա բազմաթիվ են, սակայն պետությունը քայլ առ քայլ փորձում է դրանք լուծել, իհարկե կան դեռևս չլուծված խնդիրներ, որոնք կապված են՝ տարեցների խնամքի, առողջապահական ծառայությունների հետ:
«Տարեցներ կողմից շատ դժգոհություններ կան»,- նշեց նա:
Անահիտ Գևորգյանը հայտնեց, որ տարեցների 70 տոկոսը քաղաքաբնակ է: Տարեցների ընդհանուր թվում կանայք գերակշռում են՝ 59 տոկոսը, ինչը հետևանք է կանանց կյանքի միջին տևողության համեմատաբար ավելի բարձր ցուցանիշի: Այսպես, հանրապետությունում կյանքի միջին տևողությունը կազմում է 74,8: Նշվեց նաև, որ հանրապետության 1000 աշխատունակ տարիքի բնակչին բաժին է ընկնում 314 տարեց, ինչը տնտեսական առումով լավ ցուցանիշ չէ:
Անդրադառնալով տարեցների համար գործող խնամքի կենտրոններին, Անահիտ Գևորգյանն ասաց, որ այսօր Հայաստանի տարածքում գործում են տարեցների շուրջօրյա խնամքի 10 հաստատություն (ծերանոցներ), 5-ը` պետական, 5-ը` մասնավոր: Այդ հաստատություններում բնակվում է 1230 տարեց անձ, կա նաև միայնակ ծերերի տնային սպասարկում, որն իրականացնում է «Տնային սպասարկման պետական կենտրոնը. ներկայումս տնային պայմաններում սպասարկում են ավելի քան 4000 տարեցի: Ինչ վերաբերում է ցերեկային կենտոններին, ապա հանրապետությունում գործող ցերեկային 17 կենտրոններում խնամվող տարեցների թիվը հասնում է 2000-ի:
Անահիտ Գևորգյանը տեղեկացրեց նաև, որ Հայաստանում ապրում է 90 տարեկանից բարձր տարիքի 6 հազար 550, 100 տարեկանից բարձր տարիքի 102 մարդ և 115 տարեկան երկու անձ, որոնք ապրում են Արարատում:
Լուսանկարներն արված են տարբեր վայրերում վերջին տարիներին, վերցված են Panorama.am-ի «Մեր տարեցները» ֆոտոշարքից:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին