Շտայնմայեր․ Մարդու իրավունքները պետք է դիտարկվեն ամենուր՝ այդ թվում Լեռնային Ղարաբաղում
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում այսօր ելույթ ունեցավ Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ու պատասխանեց խորհրդարանականների հարցերին։
Շտայնմայերն ասաց, որ այսօր առավոտյան Ստրասբուրգի փողոցներով անցնելով մի միտք ծագեց, որ անգամ պատկերացնելն անգամ զարմանալի է, որ 19-րդ դարում Ստրասբուրգը գտնվում էր ֆրանս-գերմանական հակամարտությունների ու 20-րդ դարի սարսափելի համաշխարհային պատերազմի սրտում։
«Սա հրաշք է, որ Գերմանիայի ԱԳ նախարարն այսօր այստեղ է՝ Եվրոպայի խորհրդում՝Ստրասբուրգում, որպես գործընկեր։ Եթե նայեք, թե ինչ է տեղի ունեցել անցյալում, ներառյալ Ստրասբուրգում, ապա ավելի հեշտությամբ կհասկանաք այսպիսի կառույցների զարգացման պատճառները, որոնք վճռական նշանակություն են ունեցել վերջին յոթ տասնամյակներում խաղաղության ստեղծման համար։ Սա շատ ավելի կարևոր է, քանի որ մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ աշխարհը կարծեք բաժանվում է, որտեղ համաշխարհային կարգը վտանգի տակ է՝ պատերազմներով ու հակամարտություններով»,-ասաց Շտայնմայերը։
Շտայնմայերն անդրադարձավ Ուկրաինայի խնդրին՝ ասելով, ո՞վ կպատկերացներ, որ 21-րդ դարի սկզբին Եվրոպայի պետության մի մասը կարող էր անօրինաբար բռնակցվել մեկ այլ պետության կողմից։ Ո՞վ կպատկերացներ, որ պատերազմ, թե խաղաղություն հարցադրումը կրկին վերադառնալու է մեր օրակարգ։
Շտայնմայերը ողջունեց Եվրոպայի խորհրդի ակտիվ դերակատարումը Ուկրաինայում, ինչպես նաև Վենետիկի հանձնաժողվի խորհուրդները, որոնք շատ կարևոր են եղել Ուկրաինայի գործողությունների ծրագրի համար, որն առաջ է տանում Ուկրաինայի ժողովրդավարացման տարսնֆորմացիան։
«Ես աջակցում են ԵԽ-ի ջանքերին՝ կանոնավոր մուտք ունենալ Ղրիմ, որտեղ նրա մոնիտորինգային մարմինները պետք է դիտարկեն մարդու իրավունքների վիճակը։ Սա միայն Ղրիմին չի վերաբերվում, այլ նաև Լեռնային Ղարաբաղին, Հարավային Օսեթիային, Աբխազիային, Մերձդնեստրին։ Մեր մայրցամաքում չպետք է լինեն դատարկ տարածքներ, որտեղ մարդու իրավունքները չեն դիտարկվում»,-ասաց Շտայնմայերը։
Հիշեցնենք նաև, որ օրերս ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը ևս հանդես եկավ հայտարարությամբ ու նշեց, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան պետք է տարածվի ողջ մայրցամաքի վրա, այդ թվում սառեցված հակամարտությունների տարածքներում։