Բանակցություններ Լիբանանում հայ խաղաղապահների թվի ավելացման շուրջ
«ՀՀ զինված ուժերի միջազգային խաղաղապահ առաքելության իրականացման նոր ուղղություն դեռևս չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը՝ նշելով, որ բանակցություններ են տարվում Լիբանանում հայ խաղաղապահների թվի ավելացման շուրջ:
Նա տեղեկացրեց, որ լիբանանյան առաքելության հարցով հանդիպում են ունեցել իտալական բանակի գեներալներից մեկի հետ, ով առաջարկել է քննարկել երկրի ղեկավարության հետ, որպեսզի Լիբանանի հայկական խումբն ավելացվի. «Իտալական կողմը նման ակնկալիք ունի ու առաջարկում է խումբը հասցնել 100-ի: Դդեռևս պարզ չեն խմբի ավելացման ժամկետները»:
Խաղաղապահ բրիգադի հրամանատարի խոսքով՝ սա վկայում է այն մասին, թե որքան գոհ են մեր զինծառայողներից խաղաղապահ առաքելությունների ղեկավարներն ու այլ բանակների հրամանատարները. «Մեր յուրաքանչյուր զինծառայող կարծես մի դեսպան լինի, ում միջոցով ճանաչում են մեր երկիրը ու, հավատացեք, մեր այդ դեսպաններն իրենց հրաշալի են դրսևորում»,- ասաց հրամանատարը:
2014 թվականին Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացրած փոխգնդապետ Աշոտ Զախարյաննը պատմեց, որ այնտեղ է գտնվել որպես ՄԱԿ-ի դիտորդ` Իսրայելի սահմանին. « 2014-ի մայիսի 11-ին սահմանի թեթև խախտման հետևանքով բավականին լուրջ լարում առաջացավ Լիբանանի և Իսրայելի բանակների միջև ու հարցը կարող էր հասնել լոկալ բախումների: Իմ հրամանատարության տակ ունեի ֆրանսիական բանակի մայոր և իտալական բանակի կապիտան` երեքով մեզ հաջողվեց բանակների ներկայացուցիչներին նստեցնել բանակցությունների ու հարթել խնդիրն առանց արյունահեղության»:
Արթուր Սիմոնյանն ավելացրեց, որ խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբերը բոլոր թեժ կետերում կարողանում են իրականացնել ռեալ աշխատանք` ականազերծում, հակաահաբեկչական գործողություններ և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ