Լուկաշենկոն համոզված է, որ Երևանը և Բաքուն ինքնուրույն կլուծեն ղարաբաղյան խնդիրը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել է Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանի հետ վերջինիս դիվանագիտական առաքելությունն այդ հանրապետությունում ավարտվելու կապակցությամբ, որի ժամանակ Բելառուսի նախագահը ԼՂ հակամարտության վերաբերյալ հայտարարություններով է հանդես եկել։
«Հայաստանն և Ադրբեջանը իրենք պետք է, առանց միջնորդների ծառայության դիմելու, կարգավորեն ԼՂ խնդիրը և ներկայումս ճիշտ պահը հասունացել է։ Մեր դիրքորոշումը միանշանակ է՝ Հայաստանը և Ադրբեջանը առանց որևէ միջնորդի, պետք չեն այդ միջնորդները՝ ոչ ուժեղ, ոչ թույլ, պետք է նստեն սեղանի շուրջ և այդ խնդիրը լուծեն։ Եթե նրանք ցանկանան որևէ մեկին երաշխավոր տեսնել, նրանք երկուսը թող որոշեն։ Ներկայումս հասունացել է այդ պահ, որպեսզի կարգավորվի այն», - «Սպուտնիկ Արմենիա»-ի փոխանցմամբ՝ նշել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահը նաև հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հաճախ իրեն հարցնում են ԼՂ խնդրի վերաբերյալ իր տեսակետը. «Դա մեր հարցը չէ։ Մենք այնտեղ ոչինչ չունենք անելու»։
Միևնույն ժամանակ Լուկաշենկոն նշել է, որ միշտ էլ մնացել է այն տեսակետին, որ մարդիկ պետք է ապրեն արժանի ձևով, խաղաղության և հանգստության երաշխիք ունենան։
«Չեմ հավատում, որ այսօր ԼՂ-ում մարդիկ ապրում են արժանի ձևով։ Ո՞րն է արժանիքը, որ ամեն օր զգում ես, որ քո գլխին որևէ բան կարող է փլուզվել և քո կյանքը կարող է ավարտվել»,-նշել է Լուկաշենկոն։
Նա ընդգծել է, որ քաղաքական գործիչների համար կարևոր պետք է լինեն մարդիկ։
«Պետք չէ քաղաքականության մեջ խաղալ այդ քարտով, երբ մարդիկ են զոհվում և աղքատանում։ Ահա մեր անսասան դիրքորոշումը աշխարհի բոլոր հակամարտությունների վերաբերյալ։ Դա կլինի Ուկրաինա, Լեռնային Ղարաբաղ, Մերձդնեստր և այլն»,-հավելել է Բելառուսի նախագահը։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ