Չեմ հասկանում ինչո՞ւ են բանակցությունները այդպես բոբո դիտում, ինչ կա դրա մեջ. Ռ.Հակոբյան
Օրինաչափ էր, որ այս քառօրյան իր վրա պետք է կրեր այս շարժման և եռյակի այսօրվա հանրահավաքի ազդեցությունը: Այս մասին ԱԺ ճեպազրույցներում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` ամփոփելով անցած քառօրյան:
Պատգամավորի խոսքով` լարվածությունը, որ առկա է հասարակության մեջ, ակնհայտ տեղափոխվել էր խորհրդարան: Անդրադառնալով եռյակի հանրահավաքին, Ռ. Հակոբյանը նշեց, որ թե մարզային հանդիպումների, թե անցած հանրահավաքի ժամանակ հայտարարվել է իրենց ուժերի կողմից, որ իրենք դիտում են արմատական իշխանափոխության հարց:
«Բայց ավելի ստույգ կհայտարարվի այսօրվա հանրահավաքում: Հիմնական հարցերը, հիմնական գծերը ճշտված են, այս շարժման հիմնական հարցը իշխանափոխությունն է: Բայց որոշ դետալներ կհստակեցվեն այսօրվա հանրահավաքից հետո»,- նշեց նա:
Ավելացրեց, որ իրենց դիրքորոշումները այսօր պետք է ստանան ռեալ արդյունք: Ռ. Հակոբյանն ասաց, որ միշտ ասել է, որ լավագույն տարբերակն է մեկտեղել ուժերը և գնալ իշխանափոխության:
«Ես հիմա էլ գտնում եմ, որ շատ ավելի ճիշտ ու սահուն կլինի արմատական փոփոխությունները: Եթե գնաս բանակցես ու ասես, որ պետության մեջ վիճակը վատ է և պետք է հրաժարվես աթոռից, ապա չեմ հասկանում ինչո՞ւ են դա այդպես բոբո դիտում, ինչ կա բանակցությունների մեջ»,- պարզաբանելով իր ավելի վաղ արված հայտարարությունը, որ իրենք չեն բացառում նաև իշխանությունների հետ բանակցելու տարբերակը ասաց ընդդիմադիր գործիչը:
Ինչ վերաբերում է հարցին, թե այսօր հանրահավաքում հնչելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը, Ռ. Հակոբյանն ասաց. «Դրված է իշխանափոխության հարց և մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնում արդյունքի, քան լոզունգների վրա: Պետք է ավելի շատ ակնկալել, թե ինչպես հասնել արդյունքի և ոչ թե շատ գեղեցիկ լոզունգներ ունենալ: Այն պահին, երբ տեսնենք, որ այդ արդյունքը կարող ենք ունենալ միայն այդ լոզունգը հնչեցնելով` կգնանք դրան»:
Անդրադառնալով հարցին, թե ինչու մինչ այս պահը եռյակը հստակ միասնական օրակարգը չի հնչեցվել և արդյոք այն գոյություն ունի, Ռ. Հակոբյանը նշեց, որ ընդհանուր ձևակերպումն այն է, որ եռյակի ուժերը գնում են իշխանափոխության: Իսկ ահա թե ինչ է լինելու այսօրվա հանրահավաքից հետո` ընդգծեց, որ հետագա գործընթացներն էլ պայմանավորված են այսօրվա հանրահավաքով, թե ինչպիսի ընթացք այն կունենա:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ