Մենք պատրաստ ենք մեր բաժին ճանապարհն անցել, իսկ որքանո՞վ է պատրաստ Ադրբեջանը. Ղուլյան
«Ադրբեջանին իհարկե ձեռք չի տալիս, որ Ղարաբաղը բանակցային գործընթացի կողմ լինի, բացի բոլորն էլ հասկանում են, որ առանց Ղարաբաղի մասնակցության խնդիրը չի լուծվի»,-ԱԺ-ում հայտարարեց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը` արձագանքելով հարցին, թե 15 տարի շարունակ խոսվում է, որ Ղարաբաղը դուրս է մնացել բանակցային գործընթացից և որ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղան:
Ա.Ղուլյանը նաև հիշեցրեց, որ ի սկզբանե բանակցային երեք կողմ է եղել` երկու ճանաչված երկրներ և Ղարաբաղը, որի շահերը քննարկվում են:
Արցախի խորհրդարանի խոսնակից հետաքրքրվեցին` չե՞ն բարձրաձայնում Ղարաբաղի բանակցային սեղան վերադարձի մասին ՀՀ իշխանությունների հետ հանդիպումներում, օրինակ այսօր` մի քանի ժամ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:
Ա.Ղուլյանը նշեց. «Մենք այդ հարցը քննարկելու կարիք չունենք»:
Անդրադառնալով փոխզիջումների մասին խոսակցություններին` պաշտոնյան հայտարարեց, որ այն կարծիքին է, որ ոչ ոք չի կարող ասել, թե ինչ է նշանակում փոխզիջում:
«Բայց մենք պատրաստ ենք մեր բաժին ճանապարհն անցել: Ամեն ինչ կախված է նրանից, թե որքանո՞վ է պատրաստ Ադրբեջանը անցնել իր ճանապարհը»,- հավելեց նա:
Իր հերթին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ ամենակարևորը այն է, որ Հայաստանի քաղաքական դաշտը` և իշխանական, և ոչ իշխանական, Ղարաբաղի հարցում նույն դիրքորոշումն ունի: Իսկ փոխզիջումների մասով ավելացրեց. «Մենք ոչ թե մտածում ենք փոխզիջումներ անենք, որպեսզի խնդիրը լուծվի, այլ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը պետք է ընդունվի միջազգային տարբեր կառույցների կողմից, իսկ մնացած խնդիրները արդեն դրանից հետո»: