Այս պահին տեղի է ունենում ՀՀ ԱԺ դռնփակ նիստը
«Առաջարկում եմ ԱԺ արտահերթ նիստը անցկացնել դռնփակ ռեժիմով և առանց ընդմիջման: Այդ հարցը այս պահին դրվելու է քվեարկության»,-րոպեներ առաջ ԱԺ արտահերթ նիստ գումարելու քվեարկությունից առաջ հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Մինչև նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ քվեարկության անցկացումը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը նշեց, որ Հայաստանում սկսվել է շատ տագնապալի իրավիճակ:
«Ես կարծում եմ, որ մինչև այս նիստը անցկացնելը, որը պետք է լինի բաց, այլ ոչ թե դռնփակ, հարկ է հանրությանը ներկայացնել այն իրավիճակը, որում մենք հայտնվել ենք և դադարեցնել բոլոր գործողությունները ԵՏՄ-ին բռնակցման վերաբերյալ»,-նշեց Զ.Փոստանջյանը:
Նրա խոսքով, Ռուսաստանը այս պահին անկում է ապրում և Հայաստանի շահերից է բխում չմնալ ՌԴ-ի անկման փլատակների տակ:
«Եթե այս իշխանությունները շարունակեն նման գործելաոճը, ապա նրանք տանում են մեզ մի ուղղությամբ, երբ մենք կմնանք այդ փլատակների տակ»,-նշեց Զ.Փոստանջյանը:
Իր հերթին, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը նշեց, որ ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակը վերաբերվում է ամբողջ ժողովրդին, տնտեսվարող սուբյեկտներին, ազգային անվտանգությանը և տնտեսական համակարգին: Նա նշեց, որ ցանկացած տեղեկատվություն, եթե այն մեկնաբանվում է ոչ օբյեկտիվ, ոչ ճիշտ, կարող է առաջացնել որոշակի աժիոտաժային իրավիճակներ և ԲՀԿ-ն դեմ չի, որ նիստը անցնի դռնփակ ռեժիմով, սակայն դռնփակը չի նշանակում գաղտնի:
ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը համաձայն չէ դռնփակ նիստի հետ և այն ստեղծելու է սպեկուլյատիվ աժիոտաժ:
«Հիմա մարդիկ կիմանան ԱԺ դռնփակ նիստ են գումարում, ինչ-որ հարցեր են քննարկում, այդ սպեկուլյատիվ աժիոտաժը ավելի է մեծանալու:Մարդիկ այսօր պատասխաններ են ակնկալում ԱԺ-ից, կառավարությունից, ԿԲ-ից: Ես գիտեմ, որ կառավարությունը և ԿԲ-ն հայտարարություն են արել և այդ հայտարարության տեքստերը ոչ մի բան չեն ասում»,-նշեց Ն.Փաշինյանը:
Նրա խոսքով, միակ հույսը այն էր, որ ԱԺ-ում հարց ու պատասխանի շնորհիվ մարդիկ ինչ-որ տեղեկություններ կստանան:
«Դռնփակ անցկացնելու փաստը ավելի է մեծացնում աժիոտաժը և ես դեմ եմ քվեարկելու»,-նշեց Ն.Փաշինյանը:
Իր հերթին, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ իրենց որոշ գործընկերներ փորձում են հասարակության շրջանում աժիոտաժ ստեղծել:
«Պետք է բնականաբար նիստից հետո հանրությանը պատշաճ մակարդակով իրազեկվի և ճիշտ է նիստը անցկացնել փակ, որպեսզի որոշ մարդիկ չօգտվեն այս խոսափողներից ժողովրդի մոտ աժիոտաժ ստեղծելու համար»,-նշեց Վ.Բաղդասարյանը:
Այնուհետև տեղի ունեցավ քվեարկություն: Քվեարկության ընթացքում դռնփակ նիստին կողմ քվեարկեց 75, դեմ՝ 6, իսկ ձեռնպահ՝ 1 պատգամավոր:
Այս պահին նիստը ընթանում է դռնփակ ռեժիմով:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին