Այսօր բոլոր քաղաքական ուժերը համախմբվել են հայրենիքի պաշտպանության շուրջ. ԱԺ նախագահ
Ազգային ժողովի քաղաքական ուժերի՝ վերջերս հրապարակած քաղաքական հայտարարության արդյունքում խորհրդարանում ներկայացված կուսակցությունների նախաձեռնությամբ օգոստոսի 16-17-ը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ՕԵԿ խմբակցության անդամ Իշխան Խաչատրյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը և ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը երկօրյա այցով Տավուշի մարզում են եղել: Այս մասին հայտնում է ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
ՀՀ ԱԺ նախագահի և խորհրդարանականների առաջին հանդիպումը սահմանամերձ Մովսես համայնքի հենակետի դիրքապահների հետ է եղել։ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և քաղաքական ուժերի ներկայացուցիչները նշել են, որ ՀՀ և ԼՂՀ սահմանները պաշտպանող զինվորներն ու զինվորականները հակառակորդի՝ վերջերս իրականացրած դիվերսիոն գործողություններին տվել են համարժեք պատասխան և հերթական անգամ ապացուցեցին հայ զինվորի ոգու անպարտելիությունը, Հայոց բանակի մարտունակությունն ու բարձր պատրաստվածությունը, հայրենիքի նկատմամբ ունեցած սերն ու նվիրվածությունը։
Խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները նշել են նաև, որ հայ սահմանապահները զգոն ու մշտարթուն են և լավ են գիտակցում, որ մեր հայրենիքի անվտանգության ու անձեռնմխելիության առաջին պաշտպաններն են, և մեր երկրի ու ԼՂՀ սահմանների պաշտպանությունն ամուր ձեռքերում է։
Պատվիրակության անդամների հետ ծավալված ջերմ և անկաշկանդ զրույցի ընթացքում մարտական հերթափոխ իրականացնող զինվորներն ու սպաները վստահեցրել են, որ օրվա ցանկացած պահի պատրաստ են դիմադրելու և հակառակորդին հակահարված հասցնելու։
Զինվորների հետ հանդիպումից հետո ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպել է Մովսես համայնքի բնակիչների հետ: Անդրադառնալով սահմանամերձ համայնքների խնդիրներին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են այդ խնդիրների լուծման ուղղությամբ:
«Այսօր բոլոր քաղաքական ուժերը համախմբվել են մի գաղափարի՝ հայրենիքի պաշտպանության շուրջ: Դուք Հայոց բանակի մի մասն եք, և անհրաժեշտության դեպքում մենք միասնաբար ոտքի ենք ելնելու մեր երկրի պաշտպանության համար»,- դիմելով համայնքի բնակիչներին՝ նշել է ՀՀ ԱԺ նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին