Շուշիում բացվել է Գ.Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարան
Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նախագահներ Բակո Սահակյանը և Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 1-ին մասնակցել են Շուշի քաղաքում Գ.Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահ Սահակյանը շնորհակալություն է հայտնել ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանցին նախագծի իրականացման համար և կարևորել նման թանգարանի նշանակությունն ինչպես Շուշի քաղաքի, այնպես էլ հանրապետության կյանքում՝ նշելով, որ այն պետք է դառնա կարեւոր գիտակրթական ու զբոսաշրջային կենտրոններից մեկը:
Հայաստանի ու Արցախի նախագահները նախօրեին ներկա են գտնվել նաև Շուշիի ամրոցի տարածքում Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերայի բեմադրությանը: Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ օպերային բեմադրությունները Շուշիում արդեն իսկ դառնում են բարի ավանդույթ, ինչը դրական է ազդում ոչ միայն քաղաքում, այլեւ ողջ Արցախում մշակույթի զարգացման վրա:
Միջոցառումներին մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Արցախի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ Սփյուռքից և հյուրեր արտերկրից:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին