Ամերիկացի կոնգրեսականները դատապարտել են Դեր Զորի Սրբոց նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը
Կոնգրեսի անդամները դատապարտել են «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման կողմից Դեր Զորի Սրբոց նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը: Այս մասին հայտնում է Asbarez.com-ը:
Ներկայացուցիչներ Ֆրանկ Փալոնը, Ջիմ Կոստան, Ադամ Շիֆը և Սանդի Լևինը իրենց զայրույթն են արտահայտել գրոհայինների բարբարոսական գործողության կապակցությամբ:
«Ես խորապես վշտացած և վրդովված եմ Դեյր Զորում Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթող-եկեղեցու ոչնչացման կապակցությամբ: Այս եկեղեցին կանգնեցվել էր ի հիշատակ հարյուր հազարավոր հայերի, ովքեր մահացել են Դեր Զորի ճանապարհին: Օսմանյան թուրքերի հրամանով հայ փախստականներին Դեր Զոր էին ուղարկում մահանալու` որպես 20-րդ դարասկզբի ցեղասպանության մի մաս: Եկեղեցու ոչնչացումը, որը պատմության այս սարսափելի կետի հիշատակումն է, պետք է արձագանք ստանա միջազգային հանրության կողմից»,-ասվում է Փալոնի հայտարարության մեջ:
«ԱՄՆ-ի կառավարությունը և տարածաշրջանային այլ միջազգային գործընկերներ պետք է աշխատեն պաշտպանել կրոնական փոքրամասնություններին և երաշխավորել, որ քրիստոնյա հայերը այդ գործողությունների թիրախում այլևս չհայտնվեն: Ընդառաջ գնալով Հայոց Ցեղասպանության 100-ամյակին` մենք պետք է հիշենք, որ մեր պարտականությունն է դիմագրավել ողջ աշխարհում հայերին թիրախավորողներին և կանխենք հետագա բռնությունները»,-ավելացրել է Փալոնը:
«Ես խստորեն դատապարտում եմ «Իրաքի և Լևանտի իսլամական պետության կողմից» Հայոց Ցեղասպանության հուշակոթողի ավերում»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Կոստան:
Իսկ Ադամ Շիֆը իր հայտարարությունում նշել է, որ Սիրիան զզվելի բարբարոսության ևս մեկ օրինակ է դարձել, որը սասափեցնում է միլիոնավոր մարդկանց Սիրիայում և Իրաքում:
«Փաստը, որ եկեղեցին նվիրված էր ցեղասպանության զոհերին, միաժամանակ և հոգեցունց է, և սասափելի նախանշան է, թե ինչպես է «Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը» սպառնում Սիրիայի քրիստոնյաներին, եթե դրանք հետագայում ընդլայնեն իրենց տարածքները: Մենք միջազգային կոալիցիայի աջակցության կարիքն ունենք, որը ներկայում օդային հարվածներ է իրականացնում Սիրիայում Իրաքում»,-ասվում է Շիֆի հայտարարության մեջ:
Սանդի Լևինը նույնպես անդրադարձել է Դեր Զորի Դեր Զորի Սրբոց նահատակաց հայկական եկեղեցու պայթեցմանը:
«Ես խստորեն դատապարտում եմ Սիրիայում «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» կողմից Հայոց ցեղասպանության հուշակոթողի ավերումը»,-Twitter-ում գրել է Լևինը: