Երևանի կենտրոնում մտադիր են տեղադրել Գարեգին Նժդեհի արձանը
Մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում քաղաքապետարանը մտադիր է տեղադրել Գարեգին Նժդեհի հուշարձանը: Հարցին հավանություն տալու մասին որոշման նախագիծն ընդգրկված է ավագանու առաջիկա նիստի օրակարգում:
Փաստաթղթից Panorama.am-ը տեղեկանում է, որ «հայ մեծանուն պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի հուշարձանը կտեղադրվի Երևան քաղաքի Նալբանդյան-Արամի-Բուզանդ-Հանրապետություն փողոցներով պարփակված հատվածում»:
Տեղեկանք-հիմնավորման մեջ նշվում է, որ Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրման վերաբերյալ Երևան քաղաքի ավագանու որոշման ընդունման համար հիմք է հանդիսանում Երևանի քաղաքապետարանի կողմից 2011թ. օգոստոսի 30-ին հայտարարված՝ Երևան քաղաքի Նալբանդյան-Արամի-Բուզանդ-Հանրապետության փողոցներով պարփակված հատվածում Գարեգին Նժդեհի հուշարձանի նախագծի բաց մրցույթը, որի արդյունքում՝ Երևանի քաղաքապետի 2011թ. դեկտեմբերի 1-ի N 609-Ա կարգադրությամբ ստեղծված մրցութային հանձնաժողովը հաղթող է ճանաչել քանդակագործ Գագիկ Ստեփանյանի և ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանի հեղինակած գործը։
Նախագիծ-առաջարկը քննարկվել է Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի գեղարվեստի հանձնաժողովի կողմից և միաձայն հավանության է արժանացել։
Ըստ նախագծի, Երևան քաղաքի ավագանու «Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրմանը համաձայնություն տալու մասին» որոշման ընդունման կապակցությամբ Երևան համայնքի բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում։
Նախագծում Նժդեհի մասին ասված է. «Հայ մեծանուն պետական և ռազմական գործիչ, քաղաքագետ և իմաստասեր Գարեգին Նժդեհը (1886 հունվարի 1-ը - 1955 դեկտեմբերի 21–ը, իսկական անունը՝ Գարեգին Արաքել Եղիշեի Տեր-Հարությունյան,) - մեր պատմության այն եզակի դեմքերից է, որի մեջ ներդաշնակորեն միաձուլվել են զինվորականն ու մտածողը, ազգային բարոյախոսն ու քաղաքական գործիչը և որն իր՝ հիրավի պատմաստեղծ կյանքով, հաստատաբար դասվում է հայոց առաջնագույն մեծերի շարքը: Զորավար ու փիլիսոփա Գարեգին Նժդեհն իր կյանքը նվիրեց հայրենիքին ու ազգին` չկարևորելով անձնականը։ Նա ասում էր. «Նպատակն է թելադրում գերագույն պարտականությունները, իսկ հայրենասիրությունը՝ մարդկային առաքինությունների թագն ու պսակն է»։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին