Արցախում բացվել է ռազմական գործիչ Շահեն Մեղրյանի հուշարձանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղ, որտեղ մասնակցել է արցախյան ականավոր քաղաքական և ռազմական գործիչ Շահեն Մեղրյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Միջոցառման ժամանակ Նախագահը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության կազմակերպման գործում ունեցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչման արժանացած Շահեն Մեղրյանի որդուն հանձնել է «Ոսկե արծիվ» շքանշան: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Շահեն Մեղրյանի դերակատարությունն Արցախի ազգային-ազատագրական պայքարում, մեր պետականաշինության գործում` նշելով, որ նրա կյանքն ու գործունեությունը հայրենիքին անձնվիրաբար ծառայելու լավագույն օրինակ է:
Նախագահ Սահակյանը հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության ու անձնական խիզախության համար պարգևներ է հանձնել նաև Շահումյանի ինքնապաշտպանության ջոկատի մի խումբ մարտիկների: «Արիության համար» մեդալով պարգևատրվել է երկու հոգի, «Մարտական ծառայություն» մեդալով` վեց հոգի, որից երեքը` հետմահու:
Միջոցառմանը մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից և արտերկրից:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ