«Ֆրանսիայի հայերը մեծ ուշադրություն են ցուցաբերել սիրիահայերին վերաբերող ծրագրերին»
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 23-ին ներկա է եղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի 2014թ. դրամահավաք-հեռախոսամարաթոնի (ֆոնետոն) փակման արարողությանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն Պետրոս Թերզյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին ներկայացրել է Ֆրանսիայի Հանրապետությունում ֆոնետոնի անցկացման պայմանները և այս տարվա արդյունքները` նշելով, որ չնայած Ֆրանսիայում տիրող տնտեսական ճգնաժամին՝ ֆրանսահայերի շրջանում Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ նկատվում է տարեցտարի աճող հետաքրքրություն: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Նշվել է, որ այս տարի Ֆրանսիայի հայերը մեծ ուշադրություն են ցուցաբերել սիրիահայերին վերաբերող ծրագրերին և նախաձեռնություններին:
Միջոցառմանը ՀՀ ԱԺ պատվիրակության հետ միասին մասնակցել են Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ֆիլիպ Կալտենբախը, ֆրանսիացի պատգամավորներ Պատրիկ Դեվեջյանը, Ժան-Մարկ Ժերմենը և Ժան-Իվ լը Բուիյոնեկը: Ֆոնետոնի փակման արարողությանը ներկա են եղել նաև ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ներկայացուցիչներ և հարյուրավոր ֆրանսահայեր:
ՀՀ ԱԺ նախագահին ուղեկցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Կարեն Ավագյանը, Արմեն Ռուստամյանը և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը:
Աշխատանքային այցի շրջանակներում՝ նոյեմբերի 23-26-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի, Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ