Շուրջ 100 հազար մարդ մասնակցել է կուտակային կենսաթոշակային համակարգին
Շուրջ 100 հազար մարդ մասնակցել է կուտակային կենսաթոշակային համակարգին: Այս մասին այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նախարարը կարևորելով հանրային իրազեկման անհրաժեշտությունը, նշեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգի մասին իրազեկման աշխատանքները պետք է շարունակական բնույթ կրեն. «Շատ կարևոր է առաջիկա ժամանակահատվածում մեր քաղաքացիներին ավելի լավ իրազեկել ու ավելի հանգամանալից ներկայացնել այս համակարգի առավելությունները»:
Հարցին` եթե բարեփոխումն իրականացվեր ամբողջությամբ և լիներ պարտադիր, այլ ոչ կամավոր, ապա քանի մարդ կմասնակցեր պարտադիր բաղադրիչին, նախարարն ասաց, որ շուրջ 250 հազար քաղաքացի մասնակից կլիներ համակարգին:
Նշենք նաև, որ նախարարը անցնող տարին կենսաթոշակային բարեփոխումների ոլորտում համարեց երկխոսության տարի:
Անդրադառնալով այս տարվա կարևոր ձեռքբերումներին, Ա.Ասատրյանը առանձնացրեց պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձերի միասնական համակարգի ներդրումը. «Հուլիսից զգալիորեն բարձրացել են պետական համակարգի շուրջ 200 հազար աշխատակիցների աշխատավարձերը` միջինը 40 տոկոսով»:
Մեկ այլ կարևոր ձեռքբերում էլ Ա. Ասատրյանը համարում է Զբաղվածության նոր մոդելի ներդրումը, որը խթանել է զբաղվածության ակտիվ ծրագրերի իրականացմանը, ինչի արդյունքում 2014թ-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանքի է տեղավորվել շուրջ 10 հազար աշխատանք փնտրող, ովքեր նախկինում աշխատաշուկայում անմրցունակ էին: